Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիկ Դարչինյանի անձնական մարզիչը վիրավորված է

Սպորտ
sport-boks

«Ինձ սիրողական մակարդակի մարզիչ են անվանում, այն դեպքում, որ պրոֆեսիոնալ չեմպիոն եմ պատրաստել: Եթե լավ մարզիչ է իրեն համարում, ապա թող մեկ երեխա վերցնի եւ դարձնի աշխարհի չեմպիոն, ինչպես ես եմ արել» - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում այսպես բնութագրեց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանին ՀՀ վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը: Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի անձնական մարզիչը պարզապես վիրավորված է իր գործընկերոջ պահվածքից. «Նա ցանկանում է, որ բոլորը կատարեն միայն իր պահանջները: Երբ աշխատում էի երիտասարդական հավաքականում, խոշոր մրցաշարերից առաջ ինձ հորդորում էր ներկայացնել թիմի կազմը, որպեսզի ինքը վերջնական որոշում կայացնի: Ես այնքան էլ ինքնասիրությունից զուրկ չեմ եւ թույլ չէի տալիս նրան դա անել: Արդյունքում, անցած տարվա վերջում ինձ առանց որեւէ պատճառաբանության ազատեցին այդ պաշտոնից` ասելով, որ մարզիչների ռոտացիա են անում»: Վազգեն Բադալյանին զարմացրել է ֆեդերացիայի այն որոշումը, որ իր տեղում նշանակել են մի մարզչի, ում նախկինում ընդհանրապես չեն թողել անգամ մտնել մարզասրահ. «Ես ոչինչ չունեմ Կարեն Աղամալյանի դեմ, սակայն երբ նրան հեռացրին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, ֆեդերացիայի նախագահի հրամանով նրան թույլ չէին տալիս մտնել անգամ «Դինամո» մարզադահլիճ: Իսկ այսօր նա համարվում է երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը: Դուք որեւէ սկզբունք տեսնո՞ւմ եք այդ որոշումների մեջ»: Փորձառու մասնագետը, այնուամենայնիվ, հավատացած է, որ վաղ թե ուշ ռինգում կհայտնվեն նոր Վիկ Դարչինյաններ, քանի որ հայ ժողովուրդն ունի այդ տաղանդը, պարզապես դրա համար հարկավոր է ստեղծել աշխատանքային նորմալ մթնոլորտ եւ մարզման լավ պայմաններ: