Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բոլոր հեքիաթները ժամը 10-ից հետո պատմեք երեխաներին»

Քաղաքականություն
e5842d448d2cff482167c3c94748fc87

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին այսօր ԱԺ արտահերթ նիստին մի պահ թվացել է, թե իր մոտ դե ժավյու է, երբ խորհրդարանը քննարկում էր Ղրղըզստանի` ԵՏՄ միանալու հարցը, մինչդեռ պատգամավորների մեծ մասը սկսեց խոսել ՀՀ` ԵՏՄ անդամակցության վնասակարությունից: «Այդ հարցը քննարկվել է, էջը փակվել է: Բոլորս էլ հասկանում ենք, որ դա եղել է քաղաքական որոշում: Ես ԵՏՄ ջատագովներից չեմ եղել, սակայն կա պետական շահ, որը կարող է լինել առավել քո անձնական դիրքորոշումներից: Շատերն այստեղ ասում են, որ բացառվում է, որ ՀՀ` ԵՄ միանալու դեպքում ուկրաինական դեպքերը կրկնվեն, իսկ ես ասում եմ` ոչ, ԵՏՄ չանդամակցելու դեպքում կրկնվեին»: Ըստ նրա` ԵՄ եւ ԵՏՄ կառույցների միջեւ ընդհանրություններ պետք է գտնել: Իր ելույթում տիկին Զոհրաբյանը քննադատության սլաքն ուղղեց որոշ պատգամավորների. «Ցանկացած թեմայով փաթաթվում էին այս ամբիոնից ու պոկ չէին գալիս, հիմա դահլիճում չեն: Ինչո՞ւ, վախենում են, որ այնպիսի բաներ չասեն, որ ՌԴ-ն չնեղանա՞: Այդպես օրակարգ չեն ձեւավորում. պիտի համարձակություն ունենալ` առաջնորդվելով պետական շահով»: Նա եւս մեկ անգամ վերահաստատեց իր դիրքորոշումը` ՀՀ իրական տեղը ԵՄ ընտանիքն է. «Ես համոզված եմ, որ կարողանալու ենք ձեւավորելու գրագետ հարաբերություններ ԵՄ-ի հետ: Պետք է ամեն մեկս մեր կարծիքը հստակ ձեւավորենք, այլ ոչ թե փախնում են դահլիճից ու գտնում անշառ թեմաներ` ասելով ամեն ինչ, իրականում` ոչինչ»: «Ձեր վերջին միտքն այն է, ինչի հետ համամիտ չեմ կարող չլինել»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հանդես գալով արտահերթ ելույթով: Պարոն Շարմազանովը եւս այն կարծիքին էր, որ պետք չէ բուն թեմայից շեղվել, այլ պետք է ի վերջո պարզել` մենք հիմա կո՞ղմ ենք, թե ոչ Ղրղըզստանի` ԵՏՄ անդամակցությանը, թե ոչ. «ՀՀ համար տնտեսական առումով շահեկան է ղրղըզական 6 մլն դոլարանոց շուկան: Թե մինչեւ հիմա այն շահեկան է եղել, թե ոչ, դա հարցի մի կողմն է: Եթե որեւէ մեկը կարծում է, որ այդտեղ մենք անելիք չունենք, ես կլռեմ»: Ըստ նրա` այս ժամանակահատվածը բավարար էր գիտակցելու` արդարացվա՞ծ էր մեր անդամակցությունը ԵՏՄ-ին, թե ոչ. «Ես կասեմ` այո: Արդյոք ՀՀ-ն անելիք ունի՞ ԵՏՄ-ում, այո` ունի: Արդյոք ՀՀ-ն իր ճանապարհը փոխե՞լ է, թե ոչ... Չի փոխել ու որեւէ տեղ էլ չի շեղվել, ՀՀ-ն իր տեղում կայուն կանգնած է: Մենք պատրաստ ենք մեր ռազմավարական դաշնակցի հետ խորացնել հարաբերութունները, սակայն Եվրոպական կառույցների հետ շարունակելու ենք մեր գործընկերությունը»: Պարոն Շարմազանովը, իր խոսքերով, երբեմն այնպիսի տպավորություն ունի, որ որոշ պատգամավորներ այս աշխարհից չեն. «Քնել են 2013թ. ու զարթնել այս տարի, ու խաբար չեն` ինչ է տեղի ունենում այսօր: Եթե ձեզ թվում է` ԵՏՄ-ում պիտի նստենք ու սպասենք բախտին ու մեր տեղը պիտի աշխատեն, սխալվում եք` մենք պիտի քրտնենք ու աշխատենք: Եկեք իրատես լինենք: Իսկ բոլոր հեքիաթները ժամը 10-ից հետո պատմեք երեխաներին»: