Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունիսի 19-ի հանրահավաքին հարթակից ոչ մի քաղաքական ուժ ելույթ չի ունենա

Հասարակություն
vaghinak-shushanyan

«Սա սոցիալական խնդիր է, ու բոլորն էլ, անկախ իրենց քաղաքական գաղափարներից, պետք է միանան այս պայքարին, որպեսզի կարողանանք արդյունքի հասնել։ Այստեղ այլ խնդիր է, որ ինչ-որ կուսակցություններ, ՀԿ-ներ կամ քաղաքացիական նախաձեռնություններ հրապարակավ են հայտարարում իրենց առաջիկա քայլերի մասին։ Պայքարին միանալու մասին հրապարակային արտահայտվելը, միգուցե ուղերձ է՝ ոչ թե հետին մտքով նայելու կամ ենթատեքստ գտնելու, այլ նրա համար, որպեսզի այդ կուսակցությանը սատարող բոլոր մարդիկ, իրենց գաղափարակիցներն ու այդ կուսակցությանը հավատացողները ևս միանան, ինչպես նաև կոչ է մնացյալ կուսակցությունների համար, որոնք մինչ այսօր չեն բարձրաձայնել՝ կմիանա՞ն արդյոք պայքարին,թե ոչ»,-«Ա1+»-ի հետ զրույցում շեշտում է «Ո´չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի  հայտարարությանը, որ  պատրաստվում է  միանալ հունիսի 19-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կայանալիք բողոքի երթին։ Քաղաքացիական ակտիվիստի խոսքերով՝ դա միանգամայն ողջունելի և մարդկանց ոգևորող քայլ է։ Ակտիվիստից հետաքրքրվեցինք նաև, թե մտավախություն չկա՞ արդյոք, որ քաղաքական ուժերի միացումը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին բացասական հետևանք կունենա, այն առումով, որ պայքարը կկորցնի իր սոցիալական նշանակությունը և իշխանություններն էլ դա շահարկելով՝ կփորձեն օգտվել իրավիճակից, և դրանով իսկ պայքարն անհաջողություն կկրի։ «Միանշանակ ոչ։ Բացի «Ո´չ թալանին» նախաձեռնության անդամներից ու քաղաքացիներից, որևէ այլ մեկը հարթակից ելույթ չի ունենալու՝  ոչ մի կուսակցության անդամ կամ քաղաքական գործիչ։ Իսկ եթե իշխանությունները նման բան ասեն, որ կուսակցությունների միանալով պայքարը քաղաքականացվում է, եթե նրանք նման խոստովանություն անեն, ապա դա նշանակում է, որ իրենք խոստովանում են իրենց սխալը, ընդունում են, որ ժողովուրդն արդարացի պահանջ է ներկայացրել իրենց առջև։ Մինչ օրս նրանք դա չեն խոստովանում և փորձում են իրենց փաստարկները հիմնավորել»,- նշեց Վաղինակ Շուշանյանը՝ հավելելով նաև, որ կուսակցություններն իրենց աջակցելու են զուտ մարդկային ու տեխնիկական ռեսուրսներով։