Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտադրողները չպետք է օգտվեն Էլեկտրաէներգիայի թանկացումից

Հասարակություն
karen

Երկու տարվա ընթացքում երեք անգամ նույն ոլորտում սակագին բարձրացնելն անընդունելի է. արձանագրում է  Սպառողների խորհրդատվության կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը՝  խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին:  Հաշվարկները ցույց են տալիս, որ վերջին երկու տարում 100 տոկոս թանկացում է արձանագրվում. «Դա նոնսենս է, ոչ մի երկրում նման բան չկա»: Պարոն Չիլինգարյանը համեմատություն է անում Հայաստանի ու Վրաստանի միջեւ: Տարիներ առաջ մեր երկրում էլեկտրաէներգիայի սակագինը շատ ավելի ցածր էր, քան հարեւան Վրաստանում, ավելին՝ մենք էլեկտրաէներգիա էինք վաճառում նրանց. «Վերջին հինգ տարիներին իրենց մոտ  էժանացել է: Իրենք հիմա 20 դրամ են վճարում մինչեւ 100 ԿՎտ-ի համար, 27 դրամ՝ 100-200 ԿՎտ-ի համար, 300 -400 ԿՎտ-ի համար՝ 37 դրամ: Փաստորեն իրենց ամենաթանկ գինը անգամ մեր գնից ցածր է»: «Ա1+»-ի հարցին, թե ինչ թանկացումների կհանգեցնի էլեկտրաէներգիայի թանկացումը ու ինչ վիճակում կհայտնվի, օրինակ՝ նվազագույն աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացին, Կարեն Չիլինգարյանը պատասխանեց. «Շղթայական թանկացում է լինելու, մարդկանց վիճակը ավելի կվատանա, 40 տոկոս ոչ աշխատունակություն կա Հայաստանում, ի՞նչ են անելու այդ մարդիկ, ո՞նց են գոյատեւելու»: Սպառողների խորհրդատվության կենտրոնի նախագահը, սակայն, կարծում է, որ արտադրողների թանկացումները հիմնականում արդարացված չեն. «Որքան տոկոս էլեկտրաէներգիան թանկանում է, այնքան էլ թանկացնում են ապրանքները, բայց դա ճիշտ չէ, իրենց ծախսած էլեկտրաներգիան այդ ապրանքի գնի մի քանի տոկոսն է, ոչ թե ամբողջը: Թանկացումը պետք է չնչին լինի, բայց արտադրողները օգտվում են դրանից»,- ավելացրեց նա: