«Եվգենի, ապոմնիս, Եվգենի, սթափվիր» (տեսանյութ)
ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ լսումներին ՀՀԿ Խոսրով Հարությունյանը կոչ արեց ՀԷՑ-ի տնօրինության պահվածքից համապատասխան հետեւություններ անել, քանի որ դա անհարգալից վերաբերմունք է. «Ու շատ իզուր, որ Բիբինի ուղարկած նամակը կարդացիք: Հետ ուղարկեք այն»: Նիստը վարող Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ անպայման կանեն այդ հետեւությունները. «Իսկ նամակը անգամ փոստով չի ուղարկել, էլեկտրոնային մեյլով է ուղարկել: Ավելի վատ, չէ՞»: Իսկ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ելույթը սկսեց հետեւյալ խոսքերով. «Եվգենի, ապոմնիս, Եվգենի, սթափվիր. սա ՄԱԿ-ում ձայն ունեցող խորհրդարան է: Թե ՀԷՑ-ն առաջնորդվում է հայտնի ասացվածքով` «Գող՝ սիրտը դող»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ մենաշնորհ ունեցող այս ընկերությունը ներկայացնող երկիրը ուղղակի թքած ունի ՀՀ օրենսդիր մարմնի վրա. «Էլ չեմ ասում, որ ուղղակիորեն արհամարհում է ՀՀ-ն: Սրանից լրջագույն հետեւություններ պետք է արվի: Սա դեռ մեղմ եմ ասում»: Նա անընդունելի համարեց, որ ՀԷՑ-ը 95 մլն դրամ է հատկացրել «սպիսատ եղած կամազ եւ նման` շարքից դուրս եկած մեքենաների վերանորոգմանը»: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում նախ նշեց, որ ՀԾԿՀ-ն հակասահմանադրական մարմին է, քանի որ Սահմանադրությունը նման կառույցի ստեղծման մասին չի խոսում: ՀԱԿ խմբակցության ղեկավարը ցույց տվեց Բիբինի ստորագրած փաստաթուղթը, որտեղ նա նշել է իր կողմից արված բարեգործության ծախսերը եւ այն ներառել ոչ թե շահույթի, այլ ծախսերի մեջ: Սակագինը նվազեցման համար պարոն Զուրաբյանը առաջարկեց լիցենզիայից զրկել ՀԷՑ-ին, այն բաժանել մասերի, վերացնել մենաշնորհը: Ինչպես նաեւ` նա առաջարկում է` կրճատել աշխատողների թիվը, բացառել քաղաքական նպատակներով ՀԷՑ-ի ռեսուրսների օգտագործումը, վերացնել բարեգործությունը, կեղծ ծախսերը հանել. «Պետք է շաղկապված կոռուպցիոն համակարգը վերացնել»։