«Վերջը բամփեցի՞ք». Փաշինյանը վարչապետից հետաքրքրվեց Ծառուկյանի մասին (տեսանյութ)
Այս պահին Ազգային ժողովում ընթացող հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսափողի մոտ նշեց, թե գրավոր հարց է ուղղել կառավարությանը, բայց ակնկալում է, որ Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը կպատասխանի։ «Կառավարությունը չարքաշ փոխնախարարներին է գործուղում ամբիոնի մոտ։ Երեկ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող էր նշանակվել Ատոմ Ջանջուղազյանը։ Փոխանակ մի կարգին օբյեկտում քննարկեին բիզնեսի հետ կապված հարցեր, ստիպված էին 2 ժամ անցկացնել այստեղ»,-նշեց նա։ Բայց պարոն Փաշինյանին դրանից առավել հետաքրքրում են փետրվարի 12-ին նախագահի հայտնի ելույթի հետևանքները։ «Ծառուկյանի՝ հարկերից խուսափելու, հանցագործությունները կոծկելու օդում կախված լուրերի մասին էր խոսում նախագահը։ Վարչապետն ասաց՝ մինչև հունիսի 5-ը ստուգման արդյունքները պատրաստ կլինեն։ Վերջը բամփեցի՞ք»։ Դահլիճում ներկա վարչապետը չվարանեց և մոտեցավ ամբիոնին։ «Պարոն Փաշինյան, եթե Ատոմ Ջանջուղազյանն է ներկայացնում հաշվետվությունը, դա չի նշանակում արհամարհանք Ազգային ժողովի նկատմամբ»։ Իսկ ԲՀԿ նախկին նախագահի հարցի շուրջ պարոն Աբրահամյանը նշեց. «Ժամանակի խնդիր կա, այդ իսկ պատճառով դեռ արդյունքները պարզ չեն։ Բայց դա չի փոխում հանրագումարը, ավարտվի, կներկայացնենք հանրությանը»։ «Կարիք չկար նեղություն կրել և ամբիոնի մոտ գալ, պարոն վարչապետ»,-նշեց ՀԱԿ պատգամավորը։ «Եթե ներկա չէ պարոն Ջանջուղազյանը, կես ժամ կսպասեինք։ Ամեն դեպքում զանգեք, թող մոտենա»։ Բայց պարոն Փաշինյանը շեշտեց. «Ծառուկյանը մոբիլիզացիայի կոչ էր անում՝ չարիքի իշխանությունից ազատվելու համար։ Իսկ Սերժ Սարգսյանն ասում էր, թե Գագիկ Ծառուկյանը չարիք է դարձել այս երկրի համար, խորհրդարանը թատրոն չէ։ Շնորհավորում եմ նրանց հունիսի 1-ին կինոթատրոնի բացմանը վերամիավորվելու կապակցությամբ»։ Վարչապետը հորդորեց չխորանալ նման հարցերում, թե ով ինչ բառ ասաց, մեկ օր շուտ, մեկ օր ուշ ասաց, այլ զբաղվել երկրի առջև ծառացած խնդիրներով։