«Բարսելոնա» - «Յուվենթուս». Պայքար «ոսկե հեթ-տրիկի» համար
Այսօր հայտնի կդառնա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության հաղթողը: Եզրափակիչ խաղում միմյանց հետ կհանդիպեն Իսպանիայի եւ Իտալիայի այս տարվա չեմպիոնները՝ համապատասխանաբար «Բարսելոնան» եւ «Յուվենթուսը»: Սա երկու ակումբների առաջին հակամարտությունն է եվրոգավաթների եզրափակիչում, չնայած դրանք միասին հանդես են եկել նման 30 խաղերում: «Բարսելոնան» եթե տիրի գավաթին, ապա կդառնա առաջին ակումբը, որը երկրորդ անգամ կարձանագրի «ոսկե հեթ-տրիկ» (հաղթանակներ ազգային առաջնությունում, գավաթի խաղարկությունում եւ չեմպիոնների լիգայում): Իսկ եթե «Յուվենթուսը» նվաճի այս մրցանակը, ապա կմիանա այն 7 ակումբներին, որոնց հաջողվել է մեկ խաղաշրջանում դառնալ «ոսկե հեթ-տրիկի» հեղինակ: Ռեկորդ կարող է սահմանել «Բարսելոնայի» առաջատար հարձակվող Լիոնել Մեսին: Եթե նրան հաջողվի գրավել «Յուվենթուսի» դարպասը, ապա արգենտինացին կդառնա առաջին ֆուտբոլիստը, ում կհաջողվի աչքի ընկնել չեմպիոնների լիգայի երրորդ եզրափակիչ խաղում: «Բարսելոնայի» մեկ այլ ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան հաղթանակի դեպքում կկրկնի հոլանդացի Կլարենս Զեեդորֆի ռեկորդը, ով չորս անգամ հաղթող է ճանաչվել չեմպիոնների լիգայում: Հարկ է նշել, որ երկու թիմերին գլխավորում են նորեկ մարզիչներ: Եւ Լուիս Էնրիկեն, եւ Մասիմիլիանո Ալեգրին առաջին մրցաշրջանն են անցկացնում այդ ակումբներում: Բույքմեյքերները հանդիպման ֆավորիտ են համարում «Բարսելոնային», որը Իսպանիայի առաջնությունում խփել է 110 գոլ, այդ թվում Մեսի-Նեյմար-Սուարես հարձակման եռյակը հեղինակել է 81 գոլ: «Յուվենթուսը» անհամեմատ համեստ արդյունքներ ունի՝ 72 գոլ առաջնությունում, այդ թվում Տեւես-Մորատա-Լյորենտե եռյակը՝ 35 գնդակ: Հավելենք, որ վնասվածքի պատճառով հանդիպմանը չի կարող մասնակցել «Յուվենթուսի» հիմնական պաշտպան Ջիորջիո Կյելինին, որը 2014թ աշխարհի առաջնության Իտալիա – Ուրուգվայ խաղին «Բարսելոնայի» հարձակվող Սուարեսին մեղադրել էր իրեն կծելու մեջ: