«ՌԱՈ ԵԷՍ-ը պետք է հաշիվ պահանջի ՀԷՑ-ի ղեկավարությունից» (տեսանյութ)
ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ ՀԷՑ-ի սեփականատեր ՌԱՈ ԵԷՍ-ը (РАО ЕЭС) պետք է որոշակի հարցեր առաջադրի ՀԷՑ-ի ղեկավարությանը։ «ՌԱՈ ԵԷՍ-ը պետք է հաշիվ պահանջի ՀԷՑ-ի ղեկավարությունից, թե ինչո՞ւ են արվել նմանատիպ ծախսեր, թե ինչո՞ւ է ՀԷՑ-ը նման պարտքեր կուտակել և ինչո՞ւ նման վարկային պարտավորություններ ունի։ Մենք այս հարցը կբարձրացնենք սպասվող քննարկումների ժամանակ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկված են լավ մասնագետներ և կարծում եմ, որ այս հանգամանքները չեն անտեսվի»,- նշում է Մինասյանը։ ՀՀԿ-ն ՀԷՑ-ի վատ մենեջմենտի հարցը, ըստ պատգամավորի, քննարկել է նաև ներկուսակցական ժողովի ժամանակ. «Բոլոր ՀՀԿ-ականներն աբսուրդ են համարում էլեկտրաէներգիայի սակագնի 17 դրամով թանկացումը։ Այդ ընկերության վատ մենեջմենթի պատճառով մենք բոլորս պիտի 17 դրամով ավելի չվճարենք»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը։ Մինասյանը Հայաստանի տնտեսության ներկա և սպասվող վիճակին միջազգային կազմակերպությունների կողմից տրվող գնահատականներում քաղաքական երանգ է նկատում։ «Մինչև Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցումը նույն այդ կազմակերպություններն այլ գնահատականներ և սպասումներ էին հնչեցնում։ 2009-ին տնտեսական վիճակն ավելի վատ էր, բայց գնահատականները այսպիսին չէին»,- նշում է պատգամավորը Տնտեսությունը բարվոք վիճակի բերելու համար, ըստ Մկրտիչ Մինասյանի, անհրաժեշտ է տնտեսության մեջ պակասեցնել ստվերը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը։ «Հայաստանը սրա հետ նաև պետք է օգտագործի սփյուռքի բիզնես ներուժը՝ տնտեսությունը զարգացնելու համար։ Պետք է ստեղծենք ինտելեկտուալ տնտեսություն»,- նշեց պատգամավորը։ «Ա1+»-ի հարցին՝ արդյո՞ք մոտ երկու տասնամյա իշխանությունը բավարար չէր այս խնդիրները լուծելու համար, Մինասյանը նշեց, որ տարիներ շարունակ քայլեր են ձեռնարկվել այդ խնդիրները լուծելու համար։