Նաիրիտցիները հաջորդ անգամ կգան աթոռներով ու բարձերով (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր իրենց սպիտակ վերնաշապիկներով եւ ցուցապաստառներով Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացրին` կրկին անգամ պահանջելով լուծել իրենց չվճարված աշխատավարձերի խնդիրը: Կառավարության նիստին զուգընթաց նրանք վանկարկում էին «ամոթ», «հանդիպում» եւ պահանջում վարչապետի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հետ հանդիպում: Քիչ անց նրանք որոշեցին շարժվել դեպի Տիգրան Մեծ խաչմերուկ ու փակել փողոցի բանուկ հատվածը` կաթվածահար անելով երթեւեկությունը: Ոստիկանության աշխատակիցները սկսեցին հորդորել, պահանջել` դուրս գալ փողոցից ու բողոքի ակցիան կրկին շարունակել շենքի մոտ: Նաիրիտցիները համաձայնվեցին, սակայն մի պայմանով` եթե կառավարությունը եւ մասնավորապես վարչապետը ականջալուր չլինեն իրենց պահանջին, նրանք եկող երեքշաբթի կնստեն շուրջօրյա նստացույցի: Ինչպես հայտարարեց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից, համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը` իրենք այդպիսով ժամանակ են տալիս կառավարությանը, հակառակ դեպքում երեքշաբթի գալու են աթոռներով ու բարձերով: Մի պահ նաիրիտցիների մեջ տարաձայնություն եղավ` մի մասը դժգոհում էր, որ սխալ արեցին, որ լսեցին Անուշ Հարությունյանին` դուրս եկան փողոցից` այդպիսով կոտրելով բողոքի ալիքը: Անուշ Հարությունյանին վիրավորեցին այս խոսքերը. «Ես չեմ հասկանում նման հայտարարությունների իմաստը: Ուզում էիք թողնեի, որ մեզ ծեծեի՞ն, սա՞ է ձեր վերաբերմունքը»: Ի դեպ, ոստիկանության աշխատակիցները եւս մոտենում էին ու վստահեցնում նաիրիտցիներին, որ իրենք կողմ են այս բողոքի ակցիաներին, միայն թե փողոց չփակեն ու հասարակական կարգը չխախտեն: Ի վերջո, «Նաիրիտ»-ի արդեն նախկին աշխատակիցները հետզհետե հեռացան Կառավարության շենքի մոտից` երեքշաբթի վերադառնալու ակնկալիքով: