Իրան-ՀՀ գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածը կվաճառվի «Գազպրոմ-Արմենիա»-ին
ԱԺ-ում այսօր նախորդ տարվա պետական բյուջեի քննարկմանը իրենց ակտիվությամբ առավել աչքի ընկան ՀԱԿ պատգամավորները: Խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանից հարցրեց Իրան-ՀՀ գազատարի մասին. «Այն հիմա գտնվում է ՀԷՑ-ի հաշվեկշռում:Ուզում եմ հասկանալ՝ ամորտիզացիոն ծախսերը ինչո՞ւ են ներառվել սակագնի մեջ»: Նա նաեւ հետաքրքրվեց «Նաիրիտ» գործարանի մասին՝ նշելով, որ ՀՀ Կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին՝ ներկա իրավիճակից դուրս գալու համար տեխնիկական ու ֆինանսական ուսումնասիրություն անցկացնելու համար՝ հետագա ճակատագիրը որոշելու համար. «Նաիրիտ»-ի հետագա շահագործումը համարվել է ոչ նպատակային: Ինչո՞ւ է կառավարությունը դիմել ՀԲ-ին, ո՞ր ընկերությունն է իրականացրել այդ աուդիտը, արդյոք կառավարությունը տեղյա՞կ է, որ նման աուդիտ անցկացվել է նախկինում եւ ոչ մեկ անգամ: Ի՞նչ եզրակացություն է տրվել»: Պարոն Սիմոնյանը նշեց, որ գազամուղի առաջին հատվածը՝ Մեղրի-Քաջարան, կա նպատակ, որ վաճառվի «Գազպրոմ-Արմենիա»-ին. «Կա արդեն նախնական պայմանագիր, քանի որ նրա սեփական ներդրումներով է այդ հատվածը կառուցվել: Իսկ սակագնի հետ կապված լրացուցիչ կճշտեմ: Ինչ վերաբերում է ՀԲ-ին, աա այն մեր կառավարության կարեւորագույն գործընկերներից է: «Նաիրիտ»-ի աուդիտն իրականացրել է «Ջակոբս» ընկերությունը, որը նախկինում ռուսական ընկերության պատվերով էլի է անցկացրել աուդիտ: Աուդիտի բնագավառում սա առավել ճանաչված ընկերություն է»: Լեւոն Զուրաբյանն արձագանքեց՝ նշելով, որ հստակ չէ, թե ինչու է կառավարությունը նորից գնացել աուդիտի. «Նույն ընկերության վերջին ուսումնասիրությունն ինչո՞ւ չի հրապարակվում, ինչո՞ւ կառավարությունը թափանցիկ չի լուծում հարցը: Ես առաջիկայում հանդես կգամ բացահայտումներով՝ ներկայացնելով, թե իրական մոտիվները կառավարության գործողությունների որտեղ են»: Արա Սիմոնյանը նշեց, որ ինքը լավատեղյակ է, որ 2011-2012թ. «Ջակոբս» ընկերությունն անցկացրել է աուդիտ եւ տեղյակ է տվյալներից. «Նաիրիտ»-ի վերջին աուդիտի տվյալները կան, որոնք կարող ենք ներկայացնել եւ քննարկվել ենթահանձնաժողովում: «Ջակոբս»-ը աշխարհում առավել հեղինակավոր ու մեծ փորձ ունեցողներից մեկն է, որ կարող է անկողմնակալ աուդիտ անել»: