Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ եւ Ադրբեջանի հավակնությունները տարբեր են. Գերմանիայի դեսպան (տեսանյութ)

Քաղաքականություն
despan

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը Ռիգայի գագաթաժողովի կայացումը կարևոր իրադարձություն է համարում։ «Եվրամիությունն արտաքին աշխարհին ցույց տվեց, որ արևելյան գործընկերությունը շարունակում է մնալ կարևոր երևույթ»,-շեշտել է նա։ Դեսպանն ընդգծում է հիմնական հայտարարությունը, որ արվեց, այն է՝ ԵՄ-ն շարունակելու է աջակցել գործընկեր պետություններում իրականացվող բարեփոխումներին։ Պարոն Մորելն ասում է՝ ապագան ցույց կտա, թե Հայաստանն ինչ փաստաթուղթ կստորագրի գագաթաժողովի շրջանակում։ «6 երկրների կողմից պետք է համաձայնագիր ստորագրվի, որքանով տեղյակ եմ։ Հայաստանի պարագայում կարող են տնտեսական բաղադրիչներ հաշվի առնվել, բայց թե որքանով, չեմ կարող ասել։ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո որոշակի պարտավորություններ ստանձնեց ձեր երկիրը, դա էլ իր ազդեցությունը կարող է ունենալ»,-նշել է նա։ Բայց վստահ է, որ ԵՄ շրջանակում կա ազատ տարածք, որը մեր երկիրը կարող է օգտագործել։ «Կոնկրետ Հայաստան-Գերմանիա առևտրաշրջանառությունը ոչ միայն չի նվազել, այլև աճել է 18 տոկոսով։ Այն կազմել է 235 մլն եվրո»,-շեշտել է նա։ Դեսպանն ընդգծել է, որ գագաթաժողովից հետո Հայաստանի համար պետք է պարզ դարձած լինի, որ որևէ պետություն մյուսի նկատմամբ առավելություն չունի։ Նա վստահ է, որ Ադրբեջանի հավակնությունները տարբեր են մերից։ «Ադրբեջանը հակված է ռազմավարական և արդիականացման հարաբերություններ ունենալու, իսկ Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումներ է ակնկալում»,-նշել է դեսպանը։