Սարդարապատի ճակատամարտը պետք է ճիշտ ներկայացվի դասագրքերում
Պատմաբան Կարեն Սիրունյանը կարծում է, որ 1918 թվականի այս օրը Սարդարապատում տարած հաղթանակը կարևոր էր ոչ միայն հայերի համար, երբ դրանից հետո նրանք ապրելու իրավունք նվաճեցին, այլ նաև համաշխարհային քաղաքակրթության. «Սարդարապատում տարած հաղթանակից հետո խափանվեցին թուրքերի պանթուրքական ծրագրերը և նրանք կորցրին հնարավորությունը միավորել թրքախոս ժողովուրդներին, ինչը քաղաքականապես վտանգավոր կլիներ տարածաշրջանի այլ պետությունների համար»,- նշում է Սիրունյանը։ Պատմաբանը կարծում է, որ Սարդարապատում պարտությունը կնշանակեր հայ ժողովրդի պատմության ավարտը, քանի որ առկա էր ֆիզիկական ոչնչացման իրական վտանգ։ «Սարդարապատի ճակատամարտը եզակի էր իր նշանակությամբ և այդ եզակիությանը այսօր պետք է ճիշտ ներկայացվի պատմության դասագրքերում՝ պաթոսից և բարոյական հաղթանակների ստվերից զերծ»,- կարծում է Կարեն Սիրունյանը։ Սարդարապատի հերոսամարտը տևել է մի քանի օր շարունակ՝ 1918 թվականի մայիսի 21-ից մայիսի 27-ը՝ Սարդարապատ Կայարանի շրջակայքում, երբ թուրքերը ներխուժել էին Արևելյան Հայաստան։ Այս իրավիճակում առաջացել էր հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացման իրական վտանգ և հակառակորդի դեմ տարած հաղթանակը առավել քան կարևոր էր։ Այն հայոց պատմության իրական ու կարևոր հաղթանակներից է։