Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահուստային ֆոնդից ոստիկանությանը հատկացվել են լրացուցիչ միջոցներ

Տնտեսություն
gov

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եկամուտների ու ծախսերի կատարողականներին: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտների ֆինանսական ցուցանիշները, իսկ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն անդրադարձել են ծախսային մասի ցուցանիշներին ու իրականացված ծրագրերին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համար հաշվետու տարում ճշտված ծրագրով նախատեսված 9 մլրդ 880 մլն դրամի դիմաց արձանագրվել է 99 տոկոս կատարողական: Նախարարությունն իրականացրել է 18 ծրագիր: Հաշվետու տարում օգտագործվել են նաեւ սոցիալական փաթեթով նախատեսված միջոցներ, ինչպես նաեւ լրացուցիչ միջոցներ՝ պահուստային ֆոնդից: Նախարարությունն իրականացրել է շուրջ 9 մլրդ դրամի բյուջետային ծրագրեր, որոնց հիմնական մասը նախատեսված է եղել փրկարար ծառայության համար: ՀՀ ազգային անվտանգության ծառայության համար հաշվետու տարում նախատեսվել է 16,7 մլրդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 96,4 տոկոս կատարողական: Հիմնական ծախսերը նախատեսված են եղել «Ազգային անվտանգության պահպանում» բյուջետային դասակարգման դասով, ուր ճշտված ծրագիրը կազմում է 16 մլրդ 273 մլն դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 96,7 տոկոս: Նախատեսվել են միջոցներ առողջապահության եւ կրթության բյուջետային դասակարգման բաժիններում, որոնց կատարողականները համապատասխանաբար կազմել են 89,5 տոկոս եւ 100 տոկոս: ՀՀ ոստիկանությունն իրականացրել է 15 ծրագիր: Կառավարության պահուստային ֆոնդից ոստիկանության համար նախատեսվել են լրացուցիչ միջոցներ: Ճշտված ծրագրով բյուջեն կազմել է 59,3 մլրդ դրամ՝ արձանագրելով 98,9 տոկոս կատարողական: Հիմնական հատկացումը տրամադրվել է «Հասարակական կարգի պահպանության ապահովում» բյուջետային դասակարգման դասով: Իրականացվել են նաեւ արտաբյուջետային 4 ծրագրեր: ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների երկրորդ համատեղ նիստը, որը վերաբերում էր պաշտպանության ոլորտին եւ պետական ռեզերվներին, դռնփակ էր: