Որքան էլ սպանեն գայլերին, նրանք չեն վերանա, նույնիսկ հակառակը՝ կավելանան
Հայաստանում հատուկ պահպանվող տարածքները քիչ են՝ ընդամենը 13, 1% ։ «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը մտահոգված է, ըստ նրա այդ տարածնքներն ավելի շատ պետք է լինեին. «Ունենք 3 արգելոց՝ «Շիկահող», «Խոսրովի անտառ», «Էրեբունի», եւ 4 ազգային պարկ՝ «Սևան», «Դիլիջան», «Արևիկ», «Արփի լիճ։ Ծրագիր կա նաև ստեղծել «Տաթև» ազգային պարկը»։ Կարեն Մովսիսյանին նաև մտահոգում է այն, որ այդ տարածքներում վերջնականապես չեն վերացել ծառահատումներն ու որսը. «Ամեն ինչ կախված է կառավարչից, Հայաստանում մարդկային գործոնը մեծ նշանակություն ունի: Որքան էլ փորձում ենք վերահսկել, էլի ծառահատումների և որսագողության դեպքեր լինում են»։ «Ա1+»-ի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ գայլերը տարածաշրջանից առհասարակ վերանան, քանի որ կառավարությունը գայլերի մորթիների համար պարգեւատրում է որսորդներին, Կարեն Մանվելյանը պատասխանեց. «Ոչ, չեն վերանա, ընդհակառակը, դա կբերի գայլերի ավելացմանը։ Որովհետեւ, եթե օրինակ հիմնական էգին սպանեն, մյուս էգերը կսկսեն ավելի ակտիվ բազմանալ»։ Գայլ որսալը դյուրին գործ չէ, վստահեցնում է պարոն Մանվելյանը։ Նա համոզված է, որ բոլոր գայլերը սպանվում են բնակավայրերի մոտ։ Իսկ գայլերի հաճախ հարձակման մեջ նա մեղադրում է նաեւ մարդկանց. «Մեր գոմերի վիճակը տեսել եք, նորմալ դուռ ու պատուհան չկա։ Մարդիկ գնում են վարկով կենդանի են առնում, բայց ապրելու պայմանների մասին չեն մտածում։ Բրախում են անասունին, անգամ հեռու արոտներ չեն տանում, գյուղին մոտիկ են պահում»։ Այս պարագայում, պարոն Կարեն Մանվելյանի հավաստմամբ ոչ միայն գայլերն են հարձակվում, այլ նաեւ հողի դեգրադացիա է սկսում։