Սուրիկ Խաչատրյանն ի՞նչ անի, որ իր անունն է շրջանառվում քրեական հանցագործություններում
Հանրապետական Մանվել Բադեյանն իրեն թույլ չի տա մտածել, որ Սուրիկ Խաչատրյանի որդին մեղավոր է իր անվան հետ կապված վերջին միջադեպում, որի արդյունքում տուժողներից մեկը կորցրել է տեսողությունը. «Եվ էդ կապը, որ Սուրիկ Խաչատրյանի որդին, դիցուք, ընդունենք, ես հեռու եմ էդ մտքից, որ ինչ-որ զանցանքի կամ արարքի մեջ են խառնված, բացարձակապես չի նշանակում, որ Սուրիկ Խաչատրյանը դրա համար պիտի պատասխան կրի»։ Սուրիկ Խաչատրյանի անմեղությունը ամբողջացնելու համար պատգամավորը մեջբերում է կոմունիստական մտքի դասական Իոսիֆ Ստալինին. «Նույնիսկ ստալինյան դարաշրջանում հատուկ հրահանգ դուրս եկավ, որ որդիները հայրերի համար պատասխանատու չեն, հայրերը որդիների»։ Սուրիկ Խաչատրյանը լավ կառավարիչ է, մտածող մարդ, ինքն ի՞նչ կարող է անել, որ պետական այդքան պաշտոնյաների մեջ հատկապես իր անունն է շրջանառվում քրեական բազմաթիվ հանցագործություններում. «Միջադեպերից ոչ ոք ապահովագրված չէ։ Սուրիկ Խաչատրյանը չգիտեր, օրինակ, որ իր տան վրա զենքով մարդ է գալու, էգուց էլ կարող ա ձեր տան վրա մեկը գա»։ Զարուհի Փոստանջյանն ընթերցում է իր հեղինակած եւ Ազգային Ժողովում շրջանառության մեջ դրած հայտարարության նախագիծը՝ բանդիտի որակավորում ունեցող Սուրիկ Խաչատրյանի մասին, հանրապետականը պարտավոր է միանալ այս նախագծին, այլապես նրանք էլ են լինելու մարզպետի զոհերը. «Երբ նրանք օգտագործում են ալկոհոլ եւ թմրամիջոց, նրանց ագրեսիան չի ճանաչում որեւիցե յուրային կամ օտար կամ այլ անձ, այդ ագրեսիան կիրառվելու է ցանկացածի նկատմամբ»։ Այս փաստաթղթի համար երեկ Զարուհի Փոստանջյանի վրա էր հարձակվել հանրապետական պատգամավոր Սեդրակ Սարոյանը։ Գալուստ Սահակյանն առանձնապես չի դատապարտում իր գործընկերոջ վարքը. «Կրքեր են հասունանում, բնական է ինձ համար շատ ցանկալի կլինի, որ վիճակը բարեկիրթ լինի, բայց բանավեճերն այնպիսին են, որ անկանխատեսելի են, թե ինչպիսի ուղղվածության կգնան»։ Հանրապետականը չի մտածում Սուրիկ Խաչատրյանից ազատվելու մասին, ըստ Գալուստ Սահակյանի, պարզապես պետք է չլինեն այնպիսի բաներ, որոնք կարող են հանգեցնել մարդու տեսողությունից զրկվելուն. «Հանցագործ է, պիտի պատժվի»։ Մնում է, որ քննության առնվի կոնկրետ Սյունիքի մարզի Սդղի գյոլում տեղի ունեցած բռնությունը եւ ով որ պետք է պատասխան տա. «Պիտի մարդ պատժվի, եթե այդ պատիժը կվերաբերվի Սուրիկ Խաչատրյանի որդին, ուրեմն Սուրիկ Խաչատրյանի որդին կպատժվի»։ Ի դեպ, պարոն Սահակյանը չհերքեց, որ Սուրիկ Խաչատրյանը շատ թանկ մարդ է իշխանության համար. «Ինչքանով, որ ցանկացած լրագրող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի»։