Հունաստանն այնքան էլ ակտիվ չի պայքարում ցեղասպանության ճանաչման համար (տեսանյութ)
Այսօր հույն ժողովուրդը ոգեկոչում է Պոնտոսի հույների ցեղասպանության օրը։ 1915 թվականի մարտին Զմյուռնիա քաղաքում և Պոնտոսի սևծովյան առափնյա տարածաշրջանում երիտթուրքերը կոտորեցին հույներին, որոնց մինչ այդ զորակոչել էին թուրքական բանակ։ Հայաստանում գործող հունական «Պոնտի» ՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչ Նիկոլայ Նիկոլայդին բոլոր հույների անունից շնորհակալ է, որ մեր կառավարությունը մարտի 24-ին ընդունեց Հույների ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող փաստաթուղթ։ «Հունական սփյուռքը շատ է ոգևորվել այդ հայտարարությամբ։ Մինչև հիմա 4 երկիր է ճանաչել մեր ժողովրդի հանդեպ իրականացված ջարդը, որոնցից մեկը Հայաստանն է»,-շեշտել է նա։ Ասում է՝ ավելի քան 350.000 պոնտոսցի կոտորվեց Քեմալ Աթաթուրքի հրամանով։ «Այժմ Հունաստանն այնքան էլ ակտիվ չի պայքարում ցեղասպանության ճանաչման համար, քանի որ Կիպրոսի և այլ խնդիրներ կան,-խոստովանում է Նիկոլայը։ Սակայն, բացի ճանաչումից, իրենք տարածքային պահանջներ էլ ունեն։ «Այստեղ գործող «Պոնտի» կազմակերպությունը զբաղվում է ազգապահպանման գործով»,-պատմել է հույն երիտասարդը։ Գոհ է հայ ժողովրդի վերաբերմունքից։ Իսկ հարցին, թե ի՞նչ խնդիրներ ունեն տեղի հույները, նշել է. «Խնդիրներն այնպիսին են, ինչպիսին հայերի մոտ։ Այսինքն, հիմնականում կենցաղային, սոցիալական հարցեր են»։ Մեծապես նաև այս պատճառով 90-ականներին մեր երկրից հույների մեծ արտահոսք եղավ։ Ներկայում հայաստանաբնակ հույների թիվը մոտ 900 է։ «Բոլոր հույն երիտասարդները ծառայում են Հայկական բանակում։ Ես ինքս էլ ծառայել եմ այստեղ»,-նշել է Նիկոլայը։ Քանի որ մեր երկրում հույների ցեղասպանությանը նվիրված հուշակոթող չկա, հայաստանաբնակ հույներն ամեն տարի այս օրն այցելում են Ծիծեռնակաբերդ։