Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը Բաքու կմեկնի առանց աշխարհի չեմպիոնների

Սպորտ
sport-baku-15

Արդեն հայտնել ենք, որ հունիսի 12-ին Բաքվում մեկնարկելիք Եվրոպայի 1-ին խաղերին Հայաստանի պատվիրակները մրցումների ծրագրում ընդգրկված 20 մարզաձևերից հանդես կգան միայն 6 ձեւերում` սամբո, հրաձգություն, ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ եւ թաեքվոնդո: Այս պահին արդեն հայտնի են 15 մարզիկ-մարզուհիներ, որոնք պատրաստվում են Կասպից ծովի ափերին պաշտպանել մեր հանրապետության մարզական պատիվը: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Բաքու կմեկնի հետեւյալ կազմով. Արտյոմ Ալեքսանյան (49 կգ քաշային կարգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Նիկոլ Հարությունով (81 կգ): Ձյուդոյի մրցումներում հայտավորվել են Հովհաննես Դավթյանը (60 կգ), Դավիթ Նիկողոսյանը (73 կգ) եւ Ժաննա Ստանկեւիչը (52 կգ): Հրաձգություն մրցաձևում Հայաստանը կներկայացնեն Նորայր Առաքելյանը` ատրճանակ, Հրաչիկ Բաբայանը` հրացան: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը եվրոպական խաղերին հանդես կգա առանց աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանի եւ Արթուր Ալեքսանյանի: Բաքվում Հայաստանի պատիվը կպաշտպանեն ըմբիշներ Ռոման Ամոյանը (55 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): Առայժմ հայտնի չեն մեր թաեքվոնդոյիստների ու սամբիստների ցանկը: Ի դեպ, Եվրոպայի առաջին խաղերում Հայաստանը կարող էր հայտ ներկայացնել նաեւ այլ մարզաձեւերում, մասնավորապես` մարմնամարզությունում, սուսերամարտում, աթլետիկայում, կարատեում, լողում, բադմինտոնում եւ այլն, սակայն Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն նախընտրել է միայն վեց մարզաձեւ, որոնք, այսպես ասած, առանցքային սպորտաձեւեր են յամարվում հանրապետությունում: