Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրտը ճմլվում է, երբ աշխատանքը «արտագաղթում է»

Քաղաքականություն Տնտեսություն
cid_ii_i9qwjq566_14d5c822b4d9f155

Փայտի մշակմամբ զբաղվող Արկադի Ավագյանը իր աշխատանքները վաճառում է Վերնիսաժում, սակայն չի հրաժարվել դրանք ներկայացնել նաև էքսպոյում։ Մայիսի 15-ից 17-ը Երևան Էքսպոկենտրոնում արդեն ութերորդ անգամ անցկացվում է «Շինարարություն և ինտերիեր 2015» ցուցահանդեսը։ Հայաստանից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից շուրջ հարյուր կազմակերպություն և արտադրող ներկայանում է սեփական հնարավորություններով ու արտադրանքով։ «Ա1+»-ի հետ զրույցում Արկադի Ավագյանը նշում է, որ իր պատրաստած փայտյա բազկաթոռները, ժամացույցները, սեղանները իրացնում է հիմնականում հայաստանյան շուկայում։ «Յուրաքանչյուր գործ, որ ինձ մոտ վաճառվում է, կցանկանամ որ Հայաստանում մնա, այսինքն՝ ինձ հոգեհարազատ գործերը չեմ ցանկանա որ արտասահմանցի տանի… Վերջերս յուրահատոիկ մի գործ գնեց Եգիպտոսից այստեղ այցելած զբոսաշրջիկ, սակայն չկարողացա անգամ լուանակարել վաճառված աշխատանքը»,- նշում է Արկադին։ Փայտի հետ աշխատանքը հաճույք է պատճառում նրան. «Յուրաքանչյուր գործ վերջացնելուց հետո զգում եմ, որ փայտին շունչ եմ տվել, դրանից հաճույք եմ զգում, տրամադրությունս է բարձրանում, դու ինքդ էլ ես լավ զգում, որ նման գործ ես ստացել»,- հավելում է նա։ Աշխատանքերն արտահանելու մասին Արկադին մտածում է, պատերների պակաս էլ կարծես թե չկա, արտահանման պայմանները սակայն բավարար չեն. «Տանելու խնդիր, դուրս հանելու խնդիր, ֆինանսական խնդիրներ որ պտի հարցեր լուծես, տրանսպորտի խնդիր, դրանք բոլորը հարցեր են»։ Էքսպոյի մեկ այլ տաղավարում ցուցադրվում է Vahann ապրանքանիշի դարբնագործական աշխատանքները։ Մետաղը հիմնական օգտագործվող հումքն է, աշխատանքը կատարելիս չեն օգտագործվում ստանդարտներ, ձեռքի աշխատանքը հիմնական տարբերակիչ հանգամանքն՝ է նմանատիպ այլ արտադրությունների համեմատ։ «Ա1+»-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչը պնդում է, որ մինչև 2009 թվականի տնտեսական ճգնաժամը ընկերությունը վերելք է արձանագրել, սակայն վերջին տարիներին շատացել են խնդիրները՝ արտահանման հետ կապված. «Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո մենք հույս ունենք մեր արտադրանքը արտահանել Ռուսաստան, Ղազախստան ավելի հարմար պայմաններով, քան նախկինում»,- նշում է նա։ «ՊրոմԷքսպո» ընկերության տնօրեն Արման Զաքարյանը Ա1+-ի հետ զրույցում ներկայացրեց «Շինարարություն և ինտերիեր 2015» ցուցահանդեսի նպատակները։ «Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել գործնական միջավայր, որտեղ արտադրողն ու սպառողը կարող են երես առ երես հանդիպել, և հասկանալ, թե ով ինչ է ուզում, ով ինչ է առաջարկում։ Էքսպոն լավ հնարավորություն է արտադրողի կամ սպառողի համար՝ անցկացնելու մարկետինգային հետազոտություն՝ հասկանալու համար միմյանց հետաքրքրությունները»,- նշում է Արման Զաքարյանը։