«Թուրքերն են արդեն գալիս այստեղ իրենց փողերի հետեւից». առեւտրական (տեսանյութ)
Այսօր «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ընդդեմ «Առինջ մոլ»-ի աշխատակիցների։ «Հրազդան» առեւտրի կենտրոնի մի խումբ աշխատակիցներ տեղափոխվելով Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» տոնավաճառը, տարածել են տեղեկատվություն, որ «Հրազդան» առեւտրի կենտրոնն այլեւս չի գործում։ Ակցիայի մասնակից Գագիկ Դանիելյանը դիմում է իրենց նախկին աշխատակիցներին, որպեսզի ապատեղեկատվություն չտարածեն. «Իրենք էլ են հաց աշխատում, մենք էլ։ Մեր հացին թող վայիս չլինեն։ Այստեղ հացի խնդիր է. իրենք իրենց հացն են ուզում ուտեն, մենք էլ՝ մերը։ Կսպասենք մինչեւ հունիսի 1-ը, որպեսզի մեր ընկերները, ովքեր մեր հետ հաց են կերել, խելքի գան եւ ապատեղեկատվություն չտարածեն»։ «Ա1+»-ի հետ զրույցում աշխատակիցներից Գայանե Ղազարյանն ասաց. «Ովքեր, որ գնացել են Աբովյան, լավ են արել։ Բայց այնտեղ, որ հարցնում են «Հրազդան» ստադիոն, ասում են՝ այն փակ է։ Ուրախ ենք իրենց համար, թող մյուս առեւտրի կենտրոնն էլ գործի, բայց թող սուտ լուրեր չտարածեն։ Եթե մեզ այստեղ հարցնում են Աբովյանի մասին, մենք կոնկրետ պատասխանում ենք, թե տեղը որտեղ է, ինչպես գնան, բայց թող իրենք էլ բարի լինեն ու չասեն, որ «Հրազդանը» փակ է»։ Բոլորը գալիս ու հարցնում են, թե չի՞ փակվել սա, իսկ մենք ասում ենք, որ չի փակվելու եւ դեռ ավելի լավ է լինելու»։ Այն հարցին, թե չե՞ն ցանկանում տեղափոխվել Աբովյանում գտնվող առեւտրի կենտրոն, որն ըստ տարածված լուրերի՝ անվճար տարածք է, «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները պատասխանեցին, որ միտք էլ չունեն տեղափոխվելու. «Անվճար է տարածքը, բայց տաղավարները սարքած են եղել կանգնողների գումարներով, էստեղ էլ գները էնքան ցածր ա, որ եւ՛ քաղաքին է մոտիկ, եւ՛ մեզ է հարմար։ Պետք է 1000 դրամ ավելի տաս, որ հասնես Աբովյան, դրա փոխարեն այստեղից կարող եք նույն ապրանքը ավելի ցածր գներով գնել»,- վստահեցնում են աշխատակիցները։ Մեր նկարահանման ընթացքում եղան հաճախորդներ, ովքեր զարմացած էին, որ «Հրազդան» առեւտրի կենտրոնը դեռ գործում է. «Մեզ ասել են, որ չի գործում առեւտրի կենտրոնը։ Գալիս ենք մի տեղ կա, մի տեղ չկա, կիսատվել է շուկան, չենք հասկանում՝ ինչ անենք»,-ասում են հաճախորդները։ Աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ տեսանկարահանվել, նշում է նաեւ, որ իրենց գնած ապրանքի գումարը դեռ չեն կարողանում տալ. «Թուրքերն են արդեն գալիս այստեղ իրենց փողերի հետեւից, բայց ժողովուրդը հազիվ տեղի փող է տալիս»։ Նշենք նաեւ, որ «Հրազդան» առեւտրի կենտրոնում տարածքի համար վճարում են 86000 դրամ, նախկին 156000-ի փոխարեն։