Ում մեղքով են գազալցակայանների պայթյունները
Վերջին շրջանում հաճախակիացել են գազալիցքավորման կայաններում պայթյունների դեպքերը, որոնց հետևանքով լինում են նաև մարդկային զոհեր։
Վերջին դեպքն այսօր էր՝ Գառնիում։
Անվտանգության ի՞նչ կանոններ են խախտվում և ի՞նչ է անհրաժեշտ անել՝ խուսափելու համար նման դեպքերից։
Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Վլադիմիր Հովսեփյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ անվտանգության կանոնները հաճախ խախտվում են գազի լիցքավորման ընթացքում։ «Դա հիմնականում լինում է այն դեպքում, երբ փորձում են չափից ավելի գազ լիցքավորել։ Սակայն հիմնականում այս հարցը լուծում է ստացել, քանի որ նոր տեղադրված բաշխիչ աշտարակները տեխնիկապես թույլ չեն տալիս ավել գազ լիցքավորել»,- նշեց Հովսեփյանը։
Նրա խոսքով՝ պայթյուններ հաճախ առաջանում են այն դեպքերում, երբ մեքենաներում տեղադրված գազի բալոնները նախատեսված չեն լինում գազ լիցքավորելու համար, սակայն վարորդների կողմից օգտագործվում են այդ նպատակով։
«Շատ են դեպքերը, որ բալոնների օգտագործման ժամկետն է անցած լինում, և դրանք չեն հանվում շահագործումից։ 2 տարին մեկ անգամ վարորդները պետք է մեքենաներում տեղադրված գազի բալոնները ներկայացնեն փորձաքննության, և միայն դրանից հետո շարունակեն օգտագործել այն, ինչպես նաև չշահագործեն գազ լիցքավորելու համար չնախատեսված բալոնները»,- տեղեկացրեց ԱԻՆ ներկայացուցիչ Վլադիմիր Հովսեփյանը։
Գառնու պայթյունի պատճառների մասին ՏԿԱԻՆ-ը տվել է հետեւյալ եզրակացությունը. «Նշված գազալցակայանը շահագործվում է 2008 թ.-ից, տեխնիկական անվտանգության շահագործման թույլտվությունը ստացել է «ՏԵԳ» ՍՊԸ-ի կողմից, այնուհետև՝ տարեկան հերթական փորձաքննություններն իրականացվել են «ԴԱՄԻ» ՍՊԸ-ի կողմից: Վերջին փորձաքննությունն իրականացվել է 2014 թ.-ի հունիս ամսին նույն ՍՊԸ-ի կողմից:
Դեպքի վայրում են եղել ՏԿԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագետները՝ տնօրեն Աշոտ Պետրոսյանի գլխավորությամբ: Նախնական ուսումնասիրությամբ պարզվել է, որ գազալցակայանը կառուցվել և շահագործվել է նորմերի կոպիտ խախտմամբ: Այժմ ՏԿԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից իրականացվում է տեխնիկական զննություն, որի արդյունքները կհրապարակվեն 4 օրվա ընթացքում»։