Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կնեսետի խոսնակը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Քաղաքականություն
edelstein_yoel2

Իսրայելի խորհրդարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մայիսի 12-ին Կնեսետում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լիագումար հատուկ նիստում խոսնակ Յուլի Յոել Էդելշտեյնը կոչ է արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը ։ Տեղադրված հաղորդագրությունում բերվում է Յուլի Էդելշտեյնի խոսքն այն մասին, որ որպես հոլոքոստի ենթարկված ժողովուրդ՝ հրեաները չեն կարող անտարբեր մնալ Հայոց ցեղասպանության նկատմամբ. «հրեաները չեն կարող աչք փակել կամ նվազեցնել հայերի ողբերգության մասշտաբը։ Գաղտնիք չէ, որ Իսրայել պետությունը երկակի դիրքորոշում է որդեգրել ցեղասպանության հարցում: Տարբեր հանգամանքներ` քաղաքական և այլն, հանգեցրել են Իսրայելի կողմից չափազանց ոչ վճռական և զսպված դիրքորոշման»,- ասել է նա։ Կնեսետի խոսնակն Իսրայելին կոչ Է արել վերանայել մինչ այս արտահայտած դիրքորոշումը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով ապրիլի 24-ին Երևան ժամանած պատգամավոր Նաչման Շային նշել է, որ Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության միջև առկա են նմանություններ. «Մենք եկել ենք այն եզրահանգման, որ 100 տարի անց ժամանակն է, որ մարդկությունն արթնանա»,- հավելել է նա: «Մերեց» կուսակցության առաջնորդ Զեհավա Գալոնն էլ իրենց քաղաքական ուժի կողմից Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցելու մասին հայտարարություն է արել։ «Սա քաղաքական խնդիր չէ, այլ բարոյական»,- ասել է նա: Ավելացնենք, որ չնայած այն հանգամանքին, որ Իսրայելը դեռևս պետականորեն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այնուամենայնիվ՝ ազգությամբ հրեա բազմաթիվ գիտնականներ, մտավորականներ, առանձին ուժերի ներկայացուցիչներ ճանաչել են ցեղասպանությունն ու բարձրաձայնել պետականորեն ճանաչման անհրաժեշտության մասին։