Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանափոխության աջակիցներ կան նույնիսկ հանրապետական կուսակցությունում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM68263-copy

Իշխանափոխություն սկսելու համար Արամ Մանուկյանը աջակից ուժեր է տեսնում նույնիսկ Հանրապետականում. «Հանրապետականի ներսում դժգոհություններ կան հիմա, եւ կառավարությունում եւ պետական բոլոր հիմնարկներում»,- ասում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Իշխանափոխության հաջորդ փուլն սկսելու համար Կոնգրեսը սպասում է սահմանադրական փոփոխությունների հաջորդ քայլին. «Էս պահին մենք համբերատար սպասեցինք Ցեղասպանության տարելիցն անցավ եւ առիթ չկա... Մեկ-երկու օրվա ընթացքում իրենք պետք է քայլ անեն։ Էս պահին դեռեւս իշխանությունը չի ասել՝ իրենք ինչ են ուզում անել»։ Ըստ պարոն Մանուկյանի, իշխանությունն այնքան արագ է ձախողվում ամեն ինչում, որ դա անհետեւանք չի կարող մնալ. «Կամ տնտեսությունն է պայթելու, կամ քաղաքացին է պայթելու, կամ իշխանությունն է պայթելու»։ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը շատ կուզեր իշխանության գալ, բոլորն են ուզում, սակայն այս տարվա փետրվարին ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածից հետո մի քիչ պետք է սպասել. «Մենք հիմա շարունակում ենք ցնցումներից կայացման գործընթացը»։ Ստեփան Մարգարյանը հասարակության կողմից մեղադրանքներ չի լսել, որ ԲՀԿ-ն տապալեց իշխանափոխությունը, նա սոսկ ափսոսանք է լսել. «Հասարակությունն ասում է՝ այ մենք գալիս էինք ձեր հետ, դուք ամսի 20-ի հանրահավաքը չարեցիք, դա ասում է, բայց որ հասարակությունն ասում է՝ մենք ձեր հետեւից չենք գա, այդպիսի բան չի ասում»։ Եվ հետո ԲՀԿ-ական պատգամավորն առանձնապես դժգոհ չէ գործող կառավարությունից։ Նրա օրոք խմբակցությունը մի քանի օրենքներ է անցկացրել Ազգային Ժողովում. «Այս կառավարությունը մշտապես ասում է՝ եկեք քննարկենք եւ միշտ եթե դիմել ենք քննարկելու, քննարկումը կայացել է»։ Նախկին եռյակի վերջին ներկայացուցիչը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը քաղաքական դաշտում տեսնում է պայթյունավտանգ լռություն՝ թող իշխանությունը չխաբվի. «Էդ լռության տակ ճիչ կա եւ էդ ճիչը առաջիկայում իրեն զգացնել կտա, ուղղակի գնում է վերադասավորումների շրջան»։