Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանն ուշացումով ձգտում է որևէ բան պոկել ԵՏՄ-ից». Անուշ Սեդրակյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
аanush-artak

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանին տպավորել է մայիսի 9-ին Մոսկվայում անցկացված շքերթը։ Ասում է՝ 30 երկրի առաջնորդ էր ներկա։ Այն, որ Թուրքիայից ներկայացուցիչ չկար, նա տարօրինակ չի համարում։ «Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, որքան թվում է։ Դա սկսեց ջրի վրա լողալ, երբ ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահը եկավ Հայաստան»,-շեշտել է պարոն Դավթյանը։ Նա նաև հավելել է. «Ռուսաստանի դեմ սանկցիաներն անցողիկ են»։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը շտապել է հակադարձել. «Սանկցիաներն անցողիկ չեն։ Եթե դրանք կես տարի էլ շարունակվեն, որոշ ոլորտներ այլևս հնարավոր չի լինի վերականգնել։ Ռուսաստանն արդեն կորցրել է իր ամբողջ ներուժը և այժմ զբաղվում է միայն հողերի բռնազավթմամբ, ինչպես իրենք են ասում՝ հողերի հավաքմամբ»։ ԵՏՄ-ում ամենամեծ խաղացողն, ըստ տիկին Սեդրակյանի՝ Ուկրաինան էր, որը հիմա չկա, և այդ կառույցից շահույթ ակնկալել չի կարելի։ Հայաստանին բռնի կերպով միացրին ԵՏՄ-ին։ «Մեր երկիրը չի կարող որևէ բաժին ստանալ Եվրասիական տնտեսական միությունից, ինչպես շատ այլ երկրներ, որոնց վարկեր են տրամադրվել և որոշ արտոնություններ։ Այժմ Հայաստանն ուշացումով փորձում է միայն որևէ բան պոկել ԵՏՄ-ից, մասնավորապես՝ Ռուսաստանից»,-ընդգծել է գործիչը։ «Այն, ինչ ընտրեց Հայաստանը, այսինքն՝ ԵՏՄ-ն, այլընտրանք չունեցող ընտրություն էր»,-նշել է ՀՀԿ-ական պատգամավորը։ Իսկ այժմ մեր երկիրը ձգտում է կամուրջ դառնալ Ռուսաստանի և մի շարք պետությունների միջև։ Եվ ինչո՞ւ չդառնալ, ասում է նա, եթե կան հրաշալի հարաբերություններ այդ երկրների հետ։ ԵՏՄ տարածքում կլինի՞ միասնական արժույթ, թե՞ ոչ։ Տիկին Սեդրակյանը բացառում է դա, քանի որ ասում է՝ ցայսօր Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կատարվում է դոլարով։ Ըստ նրա՝ միասնական արժույթ մտցնելը կնշանակի ինքնասպանություն կառույցի անդամ բոլոր երկրների համար։ Պարոն Դավթյանը ևս համակարծիք է այս հարցում։ «Առաջիկա տարիներին դա կմնա զուտ խոսակցական մակարդակի վրա»,-շեշտել է նա։