«Մենք ենք ստեղծել այս հայրենիքը, 7-10 գեներալները չեն կռվել». ազատամարտիկ (տեսանյութ)
Շուշիի ազատագրման օպերացիան ազատամարտիկներն անվանում են մեր պատմության հերոսապատումներից մեկը։ Մայոր Միքայել Բայաթյանն ասում է. «Իհարկե, մեր մեջ ցավ կա` մեր կորցրած ընկերների համար, որ այս օրը շատ շատերը չտեսան, հաղթանակը չտեսան: Բայց դե մենք էլ ամեն ինչ կանենք, որ այդ տղերքի հոգին այնտեղ հանգիստ քնի, իսկ ժողովուրդն էլ այս հաղթանակի պտուղները ոչ միայն կարողանա վայելել, այլև ամրապնդել ու պահպանել»: Ղարաբաղյան պատերազմն անցած ու հաղթանակած զինվորները հպարտությամբ են հիշում 23 տարի առաջ տեղի ունեցած մարտական գործողությունները: Բայց չենք կարող մի երեւույթի մասին չխոսել։ «Ղարաբաղյան պատերազմն անցել ենք, հիմա 25-րդ տարին է մոտենում, մի հատ կռվող տղերքի մասին բան չկա, 2-3 հոգու խփել են, զոհվածներին են ցույց տալիս, էնքան տղերք կան, որ ասում է` գնա մեռի, արի սիրեմ»,- մեզ հետ զրույցում ասում է ազատամարտիկ Անդրանիկ Տոնոյանը: Ազատամարտիկին մտահոգում է նաեւ այն, որ երկրի համար կարեւորագույն շատ հարցերի դեպքում չեն հարցնում իրենց կարծիքը. «Մենք ենք կռվել այս հայրենիքի համար, մենք ենք ստեղծել այս հայրենիքը, 7-10 գեներալները չեն կռվել, կռվել է հայ զինվորը, հայ ֆիդային, հայ ժողովուրդը, թիկունքում ուժեղ ենք եղել»: Ազատամարտի մասնակիցներին այսօր հուսադրում է մեկ բան` ունենք թեկուզ փոքրաթիվ, սակայն մարտունակ բանակ: