ԿԱՅԱՑԱՎ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայացավ Սամվել Բաբայանի ստեղծած «Դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարը: Այն լրացնելու է ազատական արժեքներին դավանող դաշտը, թեեւ պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ:
Հիմնադիր համագումարի ժամանակ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չափավոր քննադատության ենթարկեց իշխանություններին, այսօր վարվող անհեռատես քաղաքականությունը, եւ անգամ «միլիարդանոց» բյուջեն: «Սահմանադրությամբ Հայաստանը հռչակվել է սոցիալական պետություն, իսկ գործնականում տեսնում ենք բյուջե, ուր անվերջ ավելանում է պետական ապարատի ծախսերը, որոնք այսօր ուռճացված են եւ կուտակվում են մի քանի անհատի ձեռքում: Եվ այս համատեքստում 2006 թվականից 15 հազար դրամ սահմանվելիք նվազագույն աշխատավարձը մեզ ներկայացնում են իբրեւ սոցիալական ոլորտի էական առաջընթաց»:
Սամվել Բաբայանի քննադատությունն ուղղված էր հիմնականում սոցիալական ոլորտին, իսկ տարածաշրջանում հակամարտությունների լուծման, կայունության եւ տնտեսական զարգացման ճանապարհը, ըստ Սամվել Բաբայանի, Եվրամիությանը հարավկովկասյան ընտանիքի ինտեգրումն է: Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը արցախյան հակամարտության լուծման բանալին համարում է հակամարտող կողմերի ժողովրդավարացումը. «Կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն չորս հիմնական սկզբունք. միջազգային հեղինակավոր կազմակերպության հովանու ներքո միջանկյալ ինքնիշխանություն, փախստականների եւ տեղահանված անձանց կամավոր վերաբնակեցում, Արցախում տնտեսության զարգացման նախադրյալների ստեղծում եւ ԼՂՀ կարգավիճակի որոշում նոր հանրաքվեի միջոցով»:
Սամվել Բաբայանն իր ելույթում նկատեց, որ այսօր կա վստահության պակաս, թե իշխանությունների, թե կուսակցությունների հանդեպ, ուստի ինքն առաջարկում է դաշինք. «Դաշինք նախեւառաջ մեր եւ ժողովրդի միջեւ: Մեր ժողովուրդը կարոտ է իրական ժողովրդավարական ուժի առկայության եւ միջազգային միասնության: Ուստի մեր կարգախոսն է ՝ուժ եւ միասնություն»,- հռչակեց Սամվել Բաբայանը: Նրա ելույթի հոտնկայս ծոփողջույնները հավաստեցին, որ քաղաքական դաշտում հայտնվեց եւս մի կուռք, որին աստվածացնող ելույներ հնչեցրին կուսակցության նախաձեռնող խմբի անդամները: Պակաս մեծարման ելույթ չէր նաեւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի խոսքը, որը հայտարարեց, որ Դաշնակցությունը եւ «Դաշինքը» կդաշնակցեն, որ ի դեմս այս կուսակցության, իրենք ձեռք են բերում ազդեցիկ «պարտնյոր» կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական արդարության եւ ընդհանրապես արդարության հաստատման հարցում: «Կարող է խիզախ լինել ազգային որոշումներ կայացնելիս, եւ պայքարող այդ որոշումների շեղումների դեպքում»,- ասաց Վահան Հովհաննիսյանը եւ ավելացրեց, որ ազգային մոտեցումները ուժեղացան արցախյան խնդրի լուծման հարցում: Նա հայտարարեց, որ անվիճելի է Բաբայանի, «բոլորի հրամանատարի, գեներալի» ավանդը Ղարաբաղյան պատերազմում: Ելույթից հետո Վահան Հովհաննիսյանն ամուր սեղմեց Սամվել Բաբայանի ձեռքը:
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը նկատեց, որ այս կուսակցությունը կունենա դեմք, փիլիսոփայություն, բնավորություն, խիզախություն, խելք ու համեստություն: Մանուկյանը հույս հայտնեց, որ Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը չի լինի անդեմ, անողնաշար կուսակցություն:
Ի դեպ, հրավիրվել էին առանց բացառության բոլոր կուսակցությունները, սակայն ներկա չէին ՀՀՇ-ն, «Հանրապետություն», «17+1» ֆորմատում ներկայացված կուսակցությունները՝ «Նոր ժամանակներ», ՀԱԱԿ եւ այլն, ՀԺԿ-ն, իսկ իշխանական կուսակցություններից՝ ՀՀԿ-ն: