Իշխանությունը պետք է վերանայի ընդդիմադիրների մեղադրանքը.Human Rights Watch
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների ձերբակալման և ազատ արձակման վերաբերյալ տեղեկատվություն է տարածել։ Հրապարակումը ներկայացնում ենք որոշակի կրճատումներով։ Մայիսի 4-ին Հայաստանի իշխանություններն ազատ են արձակել քաղաքական ընդդիմության հինգ ակտիվիստներին։ Ընթացող հետաքննությամբ առաջադրվել է հակասական մեղադրանք՝ մայրաքաղաքի փողոցներում անկարգություններ ծրագրելու համար,- հայտարարել է Human Rights Watch -ը։ Կազմակերպությունը նշում է, որ իշխանությունները պետք է վերանայեն մեղադրանքները, որոնք պարունակում են հնարավոր միջամտություն՝ ակտիվիստների մտքի, խոսքի և հավաքների իրավունքներն իրացնելիս։ Մայիսի 4-ին Գլխավոր դատախազությունը հանձնարարել է ազատ արձակել Հիմնադիր խորհրդարան քաղաքական շարժման ձերբակալված հինգ անդամներին՝ Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուքասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին։ Ակտիվիստները ստորագրությամբ հաստատել են, որ չեն հեռանա Երևանի տարածքից՝ մինչև ընթացող հետաքննության ավարտը։ «Հայաստանի իշխանությունների որոշումը՝ ազատ արձակել ակտիվիստներին գրեթե մեկամսյա նախնական կալանքից հետո, դրական քայլ է»,- նշել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասում ավագ հետազոտող Գեորգի Գոգիան՝ հավելելով. «Այժմ իշխանությունները պետք է համոզեն, որ առաջադրված մեղադրանքները չեն բերի հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքների խախտումների»։ Կազմակերպությունը հիշեցնում է նաև իր կողմից Հայաստանի իշխանություններին հղված նամակների մասին, որում իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն էր հայտնել, որ Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունը պայմանավորված է նրանց քաղաքական համոզմունքների ու պատկանելիության հետ։ Կազմակերպությունը մեջբերել էր Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան, որոնց միացել է նաև Հայաստանը։ «Քաղաքական ակտիվիստների ազատ արձակումը ճիշտ է նաև՝ հաշվի առնելով Հիմնադիր խորհրդարանի՝ ոչ բռնի տեսակետները և ձերբակալման վստահելի և օրինական հիմքերի բացակայությունը։ Իշխանությունները պետք է նաև ապահովեն ակտիվիստների ազատությունների և իրավունքների իրացումը»,- հավելում է կազմակերպության ավագ հետազոտող Գեորգի Գոգիան ։