Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոսրով Հարությունյանը հիշեց, որ աղետի գոտում այդպես էլ ՀՀՇ-ն ծրագրեր չիրականացրեց (տեսանյութ)

Քաղաքականություն
XosrovHarutyunyan

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ մոտեցավ ամբիոնին ոչ թե ելույթ ունենալու ատոմակայանին տրամադրվելիք ռուսական վարկային համաձայնագրից, այլ արձագանքելու իր հասցեին հնչած վարկաբեկիչ հայտարարություններին: Ի դեպ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը սուր ելույթ էր ունեցել` անդրադառնալով Խոսրով Հարությունյանի նախորդ ելույթին, որի ժամանակ նա խոսել էր ՀՀԿ կառավարման տարիներից ու մեղադրել ատոմակայնն ու Նաիրիտը փակելու համար: Խոսրով Հարությունյանի ելույթի ժամանակ Արամ Մանուկյանը բացակայում էր նիստերի դահլիճից: «Անգլիացիները մի խոսք ունեն` բացակաների մասին կամ ոչինչ, կամ միայն դրականը: Թող ներեն ինձ բացակաները, ես տվյալ դեպքում չեմ հետեւի անգլիացիների հորդորին, համոզված, որ ինձ լսում են»,- հայտարարեց Խոսրով Հարությունյանը: Այնուհետեւ նա նշեց, թե ոմանք կարծում են, թե տիեզերքը պտտվում է իրենց շուրջ. «Կներեք, թույլ տվեք ինձ իրավունք վերապահել ու չհամաձայնել այդ մտքի հետ: Պատմությունը որեւիցե մեկի սեփականությունը չէ: Մենք ապրել ենք այդ օրերը, եւ ես ինձ պատասխանատու եմ համարում, ընդ որում ոչ թե ձեռքբերումների, այլ բացթողումների ու սխալների համար, ի տարբերություն ոմանց: Դրա համար երբեւէ ինձ թույլ չեմ տվել` անցյալում արածի համար բարձրաձայնել»: Պարոն Հարությունյանը կրկին պնդեց իր հնչեցրած նախորդ մտքերը. «Մեր սերնդի ցանկացած ներկայացուցչի հարցրեք` ով փակեց ատոմակայանը, Վելիխո՞վը, Կո՞խը: Ինչ կապ ունի, թե ինչ նպատակով փակվեց: Այն փակվեց ՀՀՇ ուղղակի քաղաքական ճնշման տակ: Նույնը վերաբերում է աղետի գոտուն, որտեղ այդպես էլ ծրագրեր ՀՀՇ-ն չիրականացրեց: Ինձ շատ բանում կարելի է մեղադրել, բայց ոչ կոնյուկտուրայում: Եթե լինեի կոնյուկտրշիկ, վարչապետի պաշտոնից հրաժարական չէի տա. շատ շատերը երազում էին վարչապետ լինել: Ես այդ մարմաջով չեմ ապրել»: Ապա պարոն Հարությունյանը հայտարարեց, որ երբեւէ իրեն չէին տեսել այսպես վրդովված ելույթ ունենալիս ու փորձեց իր մեկնաբանությամբ ներկայացնել 1990-ականները. «1992-93թթ. 1058 տոկոս ինֆլյացիա էր: Մարդիկ դուրս էին եկել փողոց ու պահանջում էին «Լեւոն հեռացիր»: Ո՞վ ժողովրդի մեկնած ձեռքի մեջ թքեց` կոմունիստ Խոսրով Հարությունյանը, թե ՀՀՇ-ական Լեւոն Տեր-Պետրոսյանը` իրենց ամբարտավան կեցվածքով»: Իր ելույթի ընթացքում Խոսրով Հարությունյանը պարբերաբար դադար էր առնում, շունչ քաշում, լռում, ապա վիրավորված շարունակում. «Ափսոսում եմ, որ իրերն իրենց անուններով պետք է կոչել: Եթե լավ էր 1990-ականներին, ապա ինչու էր այդքան վատ: Կներեք» Ինչ վերաբերում է ՀՀԿ ցուցակում իր ներգրավվածությանը, ապա հայտարարեց. «Իմ մասնագիտական ու քաղաքական փորձառության շնորհիվ եմ ՀՀԿ ցուցակում: Ինձ որեւէ այլ առաջարկ չի արվել: