Հայաստանը հաղթեց Ռուսաստանին
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կարեւոր հաղթանակ տարավ Ծաղկաձորում ընթացող աշխարհի թիմային առաջնություն: Այսօր մեր ընտրանին հանդիպեց նախորդ մրցաշարի հաղթող Ռուսաստանի ազգային թիմի հետ: Հայաստանի հավաքականը միայն հաղթանակի դեպքում հնարավորություն կստանար պայքարելու մեդալների համար: Այս անգամ մեր շախմատիստները բավականին կազմակերպված շախմատ ցուցադրեցին եւ կարողացան խուսափել պարտությունից: Ավելին, երկրորդ խաղատախտակին հանդես եկող Գաբրիել Սարգսյանը երկրարատեւ պայքարից հետո կարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը: Այդպիսով, Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարավ, վաստակեց 7 միավոր եւ այժմ Կուբայի, Իսրայելի, Հունգարիայի եւ Հնդկաստանի հետ բաժանում է 3-7-րդ տեղերը: Վաղը նախատեսված 8-րդ տուրում մեր ընտրանին կմրց իր հիմնական մրցակիցներից մեկի՝ Հնդկաստանի հետ: Մրցանակային 3-րդ տեղի համար պայքարը շարունակելու համար թիմերին հարկավոր է միմիայն հաղթանակ: Իսրայելը կհանդիպի Հունգարիայի հետ, իսկ Կուբան ուժերը կչափի առաջնության երկու առաջատարներից մեկի՝ Չինաստանի հետ, որը 11 միավորով առաջին տեղը բաժանում է Ուկրաինայի ազգային թիմի հետ: