Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օբաման գործածեց նոր արտահայտություն, բայց ոչ՝ Ցեղասպանություն բառը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
6044803bfc005f80f83fe2477a8da880

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի էլ իր ելույթում չգործածեց Ցեղասպանություն բառը եւ կրկին մեջբերեց Մեծ եղեռն ձևակերպումը` այն մեկնաբանելով որպես 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագություն: Օբամայի ելույթի տեքստը՝ «Ազատություն» ՌԿ թարգմանությամբ. «Այս տարի մենք հիշատակում ենք Մեծ եղեռնի` 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների հարյուրամյակը: 1915 թվականից սկսած Օսմանյան կայսրությունում ապրող հայերը տեղահանվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ոչնչացվեց նրանց մշակույթը և ժառանգությունը իրենց հինավուրց հայրենիքում: Սարսափելի բռնությունների հետևանքով, որոնք տառապանք բերեցին բոլոր կողմերին, մեկևկես միլիոն հայեր կործանվեցին», - ասել է ԱՄՆ նախագահը` Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրությունում` շարունակելով. - «Երբ 1915-ի սոսկալի իրադարձությունները բացահայտվեցին, ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուն տագնապի ազդանշան հղեց ԱՄՆ իշխանություններին և հակամարտության մեջ մտավ օսմանյան ղեկավարության հետ: Նրա և այսօրինակ այլ ջանքերի շնորհիվ երևան եկավ ճշմարտությունը Մեծ եղեռնի մասին և ավելի ուշ իր ազդեցությունը թողեց այնպիսի իրավապաշտպանների աշխատանքի վրա, ինչպիսին էր Ռաֆայել Լեմկինը, ով իր ներդրումն ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հռչակագրի [դաշնագրի] ընդունման գործում»: Օբաման նաև ընդգծում է․ - «Ես հետևողականորեն հայտարարել եմ 1915-ին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը, և իմ տեսակետը չի փոխվել: Փաստերի լիակատար, շիտակ և արդարացի ճանաչումը մեր շահերից է բխում»: ԱՄՆ նախագահը նաև ողջունել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն այն մասին, որ 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, սակայն այդ համատեքստում հիշատակել է նաև «թուրք և հայ պատմաբանների տեսակետները»: Օբաման, մասնավորապես, ասել է. - «Մենք ողջունում ենք Ֆրանցիսկոս պապի, թուրք և հայ պատմաբանների տեսակետները, ինչպես նաև բլոր նրանց կարծիքները, ովքեր ջանքեր են գործադրել պատմության այս մութ էջերին լույս սփռելու ուղղությամբ»: Մինչ 2008 թվականին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելը Բարաք Օբաման իր հրապարակային հայտարարություններում բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, միացել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման կոնգրեսական նախաձեռնությունների: