Կանանց փաստաթղթերի ստուգումից հետո ոստիկանները հեռացել են
Հիմնադիր խորհրդարանի կանանց մեքենային հետևող ոստիկանության մեքենան մոտ երկու ժամ գնացել է նրանց հետևից։ ««Տաշիր» առևտրի կենտրոնի տարածքում ոստիկանները կանգնեցրին մեզ ու պահանջեցին մեքենայի փաստաթղթերը։ Մենք հարցրինք, թե ինչի համար է դա, եթե խախտում չի արվել։ Ոստիկանները պատասխանեցին, թե իրենց այդպես է հրահանգված»,-«Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանը։ Փաստաթղթերի ստուգումից հետո ոստիկանները հեռացել են։ Հիշեցնենք, Հիմնադիր խորհրդարանի չորս կանայք առավոտյան խաղաղ ակցիա են իրականացրել նախագահական նստավայրի, Կասկադ համալիրի դիմաց։ Կասկադում պահպանություն իրականացնող աշխատակիցները փորձել են թույլ չտալ նրանց պաստառներով մուտք գործել տարածք, բայց կանայք, այդուհանդերձ, մտել են։Վերջին կանգառը Հանրապետության հրապարակն էր։ «Մարիոթ» հյուրանոցի տարածքում Հիմնադիր խորհրդարանի անդամները Ժիրայր Սեֆիլյանի և մյուս բանտարկվածների նկարներով շապիկներով, «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառներով և փուչիկները ձեռքներին կանգնել են հյուրանոցի դիմաց։ Ավելի ուշ ոստիկանները գնացել էին նրանց մեքենայի հետքերով։