Ամերիկյան ընկերությունը հեծանիվներ է նվիրել մարզադպրոցին
Ամերիկյան «Focus on Children Now» ընկերությունը 8 հեծանիվ է նվիրաբերել Երեւանի հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության մամուլի ծառայությունը: Ամերիկյան ընկերության ներկայացուցիչ Կարինե Աբուլյանը մարզադպրոցի սաներին տեղեկացրել է, որ այս նվիրաբերությունը կատարվում է 16-17 տարեկան Սեպուհ եւ Շանթ Բազիկյան եղբայրների կողմից կազմակերպված դրամահավաքի շնորհիվ: Նա հույս է հատնել, որ այդ հեծանիվներով պատանի հեծանվորդները մեծ հաջողությունների կհասնեն իրենց ընտրած մարզաձեւում: Նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը շնորհակալություն է հայտնել ընկերության ներկայացուցիչներին` այդ բարեգործական նախաձեռնության համար: Այնուհետև նա մարզադպրոցի տնօրեն Մարտին Շարբաթյանի հետ շրջել է մարզադպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին և առկա խնդիրներին: