Ըստ ադրբեջանցիների՝ գերի ընկած հայն ընդունել է առաջադրված մեղադրանքը
Ադրբեջանական haqqin.az կայքը АПА գործակալությանը հղում կատարելով հայտնում է, որ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում քննվում է ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի գործը, որը գերեւարվել էր ադրբեջանցիների կողմից՝ Աղդամի շրջանի Զանգիշալի գյուղի մոտակայքում։ Դատական նիստը տեղի է ունենում դատավոր Էլնեյ Ալլահվերդիևի գլխավորությամբ, մասնակցում են նաև դատավորներ Զաբիլա Հասիմովն ու Էլմին Ռուստամովը։ Փաստաբան Ռամիզ Աբդուլաևը գերեվարված քաղաքացու պաշտպանն է, Բաղդասարյանն ապահովված է թարգմանչով։ Փակ ռեժիմով տեղի ունեցող դատական նիստի ընթացքի մասին ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ պետական մեղադրող Անար Միրկիշիևի կողմից ապրիլի 7-ի նիստում Բաղդասարյանին առաջադրվել է 12 կետից բաղկացած մեղադրանք, որը նա ընդունել է։ Ավելացնենք, որ դատական պրոցեսին մասնակցում են նաև ԼՂՀ քաղաքացուն գերի վերցրած ադրբեջանցի զինծառայողներ։