Վարչապետի աշխատանքին ոչ մի գնահատական չեն տալիս
«Եթե անգամ մի քանի որոշումներ, օրինակ Շրջանառության հարկի մասին օրենքը վերանայվել է հասարակության ճնշմամբ, դա դրական եմ գնահատում»,-վարչապետի պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ հրավիրված ասուլիսին ասել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը։ Նա կարևոր ձեռքբերում է համարում արդյունաբերության քաղաքականության մեջ արված փոփոխությունները. արդյունաբերողներին 1 մլրդ դրամից ավելի վարկ է տրամադրվել։ Բացի այդ, պարոն Սաֆարյանը շեշտում է սահմանային գյուղերին տրված արտոնությունների, հողի ու ջրի հարկի հարցում զեղչերի մասին։ Իսկ ո՞րն է մեկ տարվա աշխատանքի բացասական կողմը։ «Նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները բարձր չէին՝ կապված դժվար պայմանների հետ։ Այդուամենայնիվ, 3,9 տոկոս աճ գրանցվեց»,-շեշտել է պարոն Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ բավականին խնդիրներ բաժին են հասել նախորդ կառավարությունից: 2008 թվականի համեմատ, այժմ շինարարության ծավալները երկու անգամ կրճատված են։ Տնտեսագետն անդրադարձել է նաև «Նաիրիտ» գործարանի խնդրին։ «Կառավարությունը, ցավոք, չկարողացավ Նաիրիտի համար լուրջ ներդրող գտնել։ Եթե դա լինի, մեկուկես տարում գործարանը կարող է աշխատել: Այն կարող է միանալ Երևանի ՋէԿ-ին և մի քանի մլն համախառն ներքին արդյունք ապահովել»,-ընդգծել է պարոն Սաֆարյանը: Նրա խոսքով՝ ԵՏՄ-ին անդամակցությունն էլ դարակազմիկ նշանակություն ունի մեր երկրի համար։ «Ապահովեցինք ազգային անվտանգության խնդիրները, 170 միլիոնանոց շուկա ձեռք բերեցինք»,-շեշտել է տնտեսագետը։ Վարչապետի մեկ տարվա աշխատանքը վա՞տ, միջի՞ն, թե՞ լավ է գնահատում Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը, խուսափել է հստակ նշել. «Թող ժողովուրդն իր գնահատականը տա Կառավարության ու վարչապետի աշխատանքին»,-ասել է պարոն Սաֆարյանը։ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը չի ցանկացել նշել վարչապետի գործունեության լավ ու վատ կողմերը, բայց խոսել է փոքր ու միջին բիզնեսի խնդիրներից։ «Շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունը հոկտեմբերից պետք է ուժի մեջ մտներ, բայց կյանքի չկոչվեց: Եթե տնտեսական որոշումը քաղաքական կամքով չի արվում, դա խնդիր է բերում»,-նշել է նա։ Հիշեցրել է նաև, որ մաքսային սահմանի հարցը մինչև օրս չի լուծվել: «Դա պարտություն է, թե հաղթանակ, կարծում եմ՝ պարզ է»,-ասել է պարոն Ավագյանը: Խոսելով Ոսկու շուկայի խնդրից, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահը շեշտել է, որ հնացած մեթոդն է դեռ աշխատում, երբ Ոսկու շուկայի վաճառողների խնդրով վարչապետն է գնում, խոսում: «Ունենք նախարարություն, բազմաթիվ աշխատողներ, որոնք էլ պետք է զբաղվեին այդ խնդրով»,-եզրափակել է պարոն Ավագյանը: