Երվանդ Մանարյանը խորհուրդ է տալիս հեղափոխության հարցում չշտապել
Հայտնի դերասան Երվանդ Մանարյանը ցավում է, որ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը եւ նրա ընկերները հայտնվել են անազատության մեջ։ Այսօր նա մասնակցում էր Հիմնադիր խորհրդարանի անդամների հրավիրած ասուլիսին։ Իսկ ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ պայմանագիր է կնքվելու քաղաքացիների հետ, եւ եթե բնակչության մեկ քառորդը ստորագրի պայմանագիրը, ապա կստեղծվի պետական կառավարման այլընտրանքային համակարգ։ Երվանդ Մանարյանը, սակայն, չի պատրաստվում ստորագրել պայմանագիրը. «Չեմ կարծում, որ ճիշտ է, եթե եկել եմ այստեղ, գիտեմ՝ ուր եմ եկել։ Մի հատ էլ ստորագրությունս դնեմ, հասցես էլ, պասպորտիս համարը- բան»,- ասաց նա։ Հայտնի դերասանի խոսքերով՝ բնակչությունը հասնելու է իր նպատակին. «Կհասնի վաղը, շատ լավ կլինի, կհասնի մեկ շաբաթ հետո՝ էլի լավ կլինի, կհասնի 10 տարի հետո՝ միեւնույն է, ճիշտ կլինի»։ Ի դեպ, Երվանդ Մանարյանը համաձայն չէ, որ ժամանակից շուտ իշխանափոխություն լինի. «Ժամանակից շուտ ինչ լինում է, ձախողում է, ժամանակից շուտ ոչինչ պետք չէ, հասարակությունը պետք է հասնի այդ գիտակցությանը, որ անհրաժեշտ է փոխել, սա ապրելու ձեւ չէ։ Մի քիչ վռազես, մի սխալ բան կանես»։ Հայտնի դերասանը իշխանափոխություն ցանկանում է մեկ բանի համար. ճիշտ ուղղությամբ չենք գնում։