Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեֆիլյանին եւ թիմակիցներին ձերբակալելով նոր մարտի մե՞կ են կանխել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
armen-rustamyan

Հանրապետական Վահրամ Բաղդասարյանն ակնարկում է, որ Սեֆիլյանին եւ նրա թիմակիցներին ձերբակալելով իրավապահները նոր մարտի 1 են կանխել. «Այնտեղ կարող են գտնվել մեկ հոգի, երկու կամ երեք հոգի, որոնք այդ հավաքը կամ իրենց ասած ցույցը վերածեին ամբոխի եւ այդ ամբոխը կարողանար սադրիչ գործողություններ անել։ Իսկ դրանց նպատակը դա է եղել»։ Վահրամ Բաղդասարյանն էն գլխից դեմ չէր, որ Ցեղասպանության 100-ամյակն առանց ռեժիմի երեւակայող Ժիրայր Սեֆիլյանին մեկուսացնեն հասարակությունից։ Արմեն Ռուստամյանն ասում է՝ այդպես էլ պետք է լիներ. «Բայց իմ մոտ էնպիսի տպավորություն է, որ Ժիրայրը եւ նրա ընկերները ոնց որ թե հենց իրենք էլ ուզում էին ձերբակալվել»։ Իրավապահների գործողությունները դաշնակցական պատգամավորը համարում է իրավիճակի վերահսկում. «Ես չեմ էլ բացառում, որ 24-ից հետո այսպես կոչված հիմքերը, որոնք ծառայել են ապացույց այս ձերբակալությունները վերանան եւ 24-ից հետո ազատ արձակվեն»։ Սակայն փաստը, որ ապրիլի 24-ից հետո Սեֆիլյանի եւ մյուսների ձերբակալման հիմքերը կարող են վերանալ, չի՞ խոսում այն մասին, որ նրանց ձերբակալությունը հակասահմանադրական է։ Ըստ Արմեն Ռուստամյանի, իրավապահները գնահատել են, որ վտանգն առկա է մինչեւ ամսի 24-ը. «24-ից հետո դժվար է լինելու նույն իրավապահ մարմիններին բացատրել, թե էլ ինչի է էդ վտանգը պահպանվում»։ Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ. «Իշխանությունների կատարած քայլը ամբողջացրեց այն թեման, որ ապրիլի 24-ին ցեղասպանության հետ զուգահեռ ունենք նաեւ այլ թեմա, դա իշխանափոխության հարցն է»։ Ռուբեն Հակոբյանին չի բավարարում նախաքննական մարմնի այն ձեւակերպումը, որ Հիմնադիր խորհրդարանը հակաօրինական ճանապարհով իշխանափոխություն է պատրաստում, նախ փաստեր ցույց տվեք. «Ես ուշադիր ուսումնասիրել եմ այն բոլոր արտահայտությունները, որ եղել է Հիմնադիր Խորհրդարանի կողմից, ես չեմ տեսել ուղղակի վտանգ, որ օրենքի խախտումով մտադիր են իրականացնել իշխանափոխություն»։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներից միակն էր, որը Սեֆիլյանին եւ ձերբակալված մյուս ընկերներին անվանեց քաղբանտարկյալ. «Բա եթե էդ մարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդում է կատարվում, էլ նրանց անունը ի՞նչ պետք է դնես»։