Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ում պատգամավորին պարսավանքի են ենթարկում կարմիր լույսի տակ անցնելու կամ հայհոյելու համար (տեսանյութ)

Քաղաքականություն
6zs95dN2h3FivzTI1ocuU3lCUf

ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը օրերս ԱՄՆ ՄԶԳ առաքելության կազմակերպած այցի շրջանակներում լինելով ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում, մի շարք բացահայտումներ է արել իր համար: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ ԱՄՆ-ում գտնվում էր որպես ՀՀ ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, եւ պարզել է, որ այնտեղ պատգամավորի այս կամ այն վարքագծի կանոնները, որոնց համապատասխանության կամ անհամապատասխանության հարցը քննում է մեր հանձնաժողովը, այնտեղ գոյություն չունեն. «Նրանք էթիկական հարցերով քննարկում էին այն դեպքերը, որոնք այսօր գտնվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկակայի հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում: ԱԺ հանձնաժողովի լիազորությունների տիրույթում ընդգրկված հարցադրումները այնտեղ Էթիկայի հանձնաժողովի իրավասության շրջանակներում չեն: Նրանք այդ պատասխանատվության հարցը դիտում են քաղաքական պատասխանատվության համատեքստում եւ, ասենք, քննարկում են պատգամավորի` կարմիր լույսի տակ անցնելը կամ հայհոյելը, եւ այդ վատ վարքագծի համար պարսավանքի էին արժանացնում, դրանց անդրադառնում էին լրատվամիջոցները»: Ըստ նրա` ՀՀ իրավական կարգավորումներն ինստիտուցիոնալ առումով մոտ են եվրոպական երկրների մոտեցումներին. «Սակայն կարեւոր էր միջազգային համագործակցության այս շրջանակներում տեսնել տարբերությունները, որոնք մտածողության եւ մշակութային խնդիր են: Ժամանակի ընթացքում մենք եւս կհանգենք այն եզրակացության, որ էթիկայի կանոնները պահպանելու կամ էթիկապես որեւէ արարք դատապարտելու համար իրականում անհրաժեշտ չէ հանձնաժողովի կամ դատապարտող այլ մարմնի առկայությունը»: Պատգմավորը չի ժխտում, որ միջազգային համագործակցությունն ու դոնորական տարբեր կազմակերպությունների աջակցությունը ավելի արդյունավետ են կառավարությունների մակարդակով, իսկ ԱԺ-երի միջեւ համագործակցությունն այդքան էլ առաջնային չի համարվում. «Սակայն մեր փորձից, ինչպես նաեւ` այս ձեւաչափից ելնելով այդպես չեմ կարծում` խորհրդատվական ձեւաչափի վրա եւս պետք է շեշտադրում կատարվի: Այս այցից հետո մենք նաեւ օրենսդրական փոփոխությունների տեսլական ունենք, ինչպես նաեւ` մոտ ապագայում ուղեցույց կպատրաստենք»: Ինչ վերաբերում է ՀՀ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովին, ապա, այն, ըստ Արփինե Հովհաննիսյանի, այսօր զսպելու,կանխարգելելու կամ կանոններ սահմանելու դերակատարում ունի: Ի դեպ, հանձնաժողովի` նրա նախագահության ժամանակ եղել է ընդամենը մեկ դիմումի քննություն, թեեւ ԶԼՄ-երով բազմաթիվ են եղել հրապարակումները պատգամավորների այս կամ այն պահվածքի մասին, սակայն դիմումներ հանձնաժողով չեն ներկայացվել. «Հայաստանյան մտածողության մեջ կա պատասխանատվության վերաբերյալ հստակ պատկերացում` այն պետք է լինի ավելի շոշափելի, ավելի նյութական, դատապարտող` դա լինի վարչական կամ գումարային տեսքով, դատապարտման քրեաիրավական տեսքով: էթիկական հետեւանքներն այդքան էլ բավարարող չեն թվում մյուս կողմին: Ինքնին բարձրաձայնման փաստն արդեն իսկ վրա հասնող հետեւանքն է, երբ անբարենպաստ լույսի ներքո ես ներկայացնում որեւէ մեկին կամ խոսում այն մասին, որ ինքը թույլ է տվել որոշակի խախտում: Ավելին, աշխարհի որեւէ երկրում, առավելեւս Եվրոպայում, Էթիկայի որեւէ հանձնաժողով ավելին անել չի կարող. նա կարող է տալ եզրակացություն տվյալ անձին հասարակությանը ներկայացնել այս կամ այն լույսի ներքո»: