2017 թ. հունիսի 1-ից ՀՀ-ում 12-ամյա կրթությունը պարտադիր կլինի
Ազգային Ժողովի նախագահի առաջարկությամբ երեկ հետաձգվել է «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրինագծերի քվեարկությունը` ևս մեկ անգամ որոշ ընդդիմադիր պատգամավորներին հետաքրքրող հարցերը քննարկելու համար։ Արմեն Աշոտյանը մասնակցել է Ազգային Ժողովի համապատասխան գլխադասային հանձնաժողովի նիստին եւ ասում է, որ աշխատանքային քննարկման ընթացքում մանրամասն և սպառիչ պարզաբանումներ տրվեցին պատգամավորների հարցադրումներին. «Կրկին ներկայացվեցին առաջարկության հիմնավորումները, փաստերը, թվային տվյալները: Օրենքը առավել հստակ դարձնելու նպատակով փաթեթում կատարվեցին խմբագրական բնույթի փոփոխություններ, և լրամշակված օրինագիծը վաղը պատրաստ է քվեարկության»: Ըստ առաջարկության, Հայաստանում տասներկուամյա կրթությունը, հանրակրթության կամ մասնագիտական կրթության ձևով, պարտադիր կլինի 2017 թվականի հունիսի մեկից: Այն կտարածվի ներկայիս ութերորդ դասարանցիներից սկսած Հայաստանի բոլոր դպրոցականների վրա: