Բեռնար Շալանդը պատրաստ է անգամ ձկնորսությամբ զբաղվել
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը շվեյցարական պարբերականին տված հարցազրույցում ամփոփել է Հայաստանի հավաքականում կատարած աշխատանքը. «Այդ մարտահրավերն ընդունեցի էնտուզիազմով եւ հիանալի փորձ ձեռք բերեցի 13 ամիսների ընթացքում: Իմ առջև դրված էր մեկ խնդիր՝ թիմին դուրս բերել Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ: Ալբանիայի հետ խաղից հետո հանդիպեցի ղեկավարներին եւ հեռացա, ինչպես նախատեսված էր: Բայց ես հիանալի ժամանակ անցկացրի թիմի հետ եւ երջանիկ կլինեի, եթե շարունակեի իմ առաքելությունը» - շվեյցարական L'Impartial լրատվամիջոցով հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը: Նա նաեւ նշել է, որ հիասթափված է թիմի ցույց տված արդյունքի համար,բայց նաեւ ավելացրել է, որ Հայաստանի հավաքականում կատարած աշխատանքն ունեցել է նաև դրական կողմեր. «Մենք աշխատեցինք կիրառել տարբեր տակտիկական համակարգեր: Դրանք տվեցին արդյունքներ, թիմ հրավիրեցինք 20-ամյա Գաել Անդոնյանին եւ Արտյոմ Սիմոնյանին: Հենց նրանք են Հայաստանի հավաքականի ապագան»: Շվեյցարացի մասնագետը խոսելով իր ապագայի մասին, ասել է. «Ես ամբողջ կյանքիս ընթացքում աշխատել եմ: Հաջորդ տարի կդառնամ 65 տարեկան: Կարող եմ սկաուտ դառնալ, դասախոսություններ կարդալ, մարզչական սեմինարներ անցկացնել, ձկնորսության գնալ, գրել: Կարող եմ հանգիստ ապրել, բայց ցանկանում եմ ակտիվ լինել, ուստի հավատով եմ վերաբերվում ապագայիս»: Նշենք, որ Բեռնարդ Շալանդի հրաժարականից արդեն անցել է իննը օր, իսկ նրան փոխարինող դեռ չի գտել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ավելին, ՀՖՖ-ն դեռ թեկնածու չունի: Իսկ ահա Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն զբաղված է ազգային թիմի գործող գլխավոր մարզչին փոխարինող գտնելու հարցերով: ԻՖՖ-ն արդեն 4 թեկնածու ունի այդ պաշտոնում: