Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է հյուրին լավ ընդունել, ոչ թե քննարկել նրա տալյայի չափը». Բաբայանը՝ Քարդաշյանի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
babayan

«Մենք մտածելակերպով խորհրդային ենք։ Հենց Ցեղասպանության միջոցառումներ պետք է լինեն, միանգամից հրահանգ է լինում դպրոցներին, մանկապարտեզներին»,-խոսելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ իրականացվող քայլերից, ասել է Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: «Ամեն ինչ պետք է գա հոգու խորքից, երբ դառնում է պարզապես միջոցառում, այդ միջոցառմանը մասնակցելը դառնում է ավելի կարևոր, քան բուն էությունը»,-ՀՀԿ-ական կանանց՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնալու առնչությամբ նշել է նա։ Կարծում է, որ այնտեղ պետք է գնալ ընտանիքով: «Դեպի ապագա պետք է գնանք ընտանիքներով, ոչ թե նախարարություններով: Ինչքան շատ նման երևույթների վերաբերենք որպես միջոցառում, այդքան շատ կունենանք նման արդյունքներ»,-շեշտել է պարոն Բաբայանը: Իսկ դերասանուհի և մոդել Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան գալու քայլից նա ընդհանրապես չի ուզում խոսել. «Քանի որ դա իմ ոլորտը չէ: Մենք հյուրասեր ենք և պետք է հյուրին լավ ընդունել, ոչ թե քննարկել նրա տալյայի չափը; Եթե այդպես լինի, սահմանին պետք է էքսպերտ դնենք, որ նայի, թե ով ինչպես է գալիս»,-նշել է նա: Ապրիլի 24-ին Ժիրայր Սեֆիլյանի նախանշած ակցիան էլ Տիկնիկային թատրոնի տնօրենն ընկալում է դարձյալ որպես միջոցառում, որն, օգտագործելով պահը, որ շատ մարդիկ են ներկա լինելու, դա իր նպատակներին է ծառայեցնելու։ Երաժիշտ Արտավազդ Բայադյանը նույնպես լավ բան չի տեսնում այս նախաձեռնության մեջ։ «Ավելորդ բան պետք չէ խառնել Ցեղասպանությանը, սա ընդհանուր ազգի ողբերգությունն է եղել, և պետք չէ սրան կպնելով՝ հաղթել: Սա կարող է ընկալվել որպես մեր ոչ միասնական գործելակերպ: Կարծում եմ, որ առաջնայինը պետք է լինի մեր պետությունը, հետո անձնականը»,-ընդգծել է նա: Իսկ ՀՀԿ կանանց այցը Ծիծեռնակաբերդ նա համարում է նորմալ. «Աչքի ընկավ Հանրապետականը, քանի որ նրանք են իշխող կուսակցությունը։ Դե կանայք ուրախացել են, գնացել, եկել են։ Դա ակցիա էր, դրա համար էլ ժպիտներով էին»,-նշել է պարոն Բայադյանը: