«Սա լեգիտիմ փաստաթուղթ չէ, մենք հիմա քննարկում ենք կեղծիք». Լեւոն Զուրաբյան (տեսանյութ)
ԱԺ-ում Գազի հանձնաժողովի հաշվետվության քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարց ուղղեց պատգամավորներին. «Դուք ի՞նչ հիմքեր ունեք ենթադրելու, որ մենք գործ ունենք հանձնաժողովի կողմից ընդունված փաստաթղթի հետ, որ սա հանձնաժողովի անդամների մեծամասնության կողմից ընդունված հաշվետվություն է»: Այնուհետեւ հարց ուղղելով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին՝ պարոն Զուրաբյանը նշեց. «Ե՞րբ է կայացել հանձնաժողովի այն նիստը, որը իրավազոր է ճանաչվել ընդունելու նման փաստաթուղթ ու արդյոք տեղի է ունեցել քվեարկություն: Համաձայն իմ տեղեկությունների, պարզվում է՝ այդ նիստի մասին ոչ ոք տեղյակ չէ: Ես ուզում եմ իմանալ՝ ով ինչպես է քվեարկել, ո՞ւր են հատուկ կարծիքները: Մեր խմբակցության ներկայացուցիչն ունի իր հատուկ կարծիքը, սակայն քանի որ այդ նիստը տեղի չի ունեցել, ինքը չի ներկայացրել այն: Մեզ պետք չէ Վարդան Այվազյանի կարծիքը լսել...»: «Մեզ պետք է Լեւոն Զուրաբյանի փաստաթուղթը...»,- փորձեց կատակել Վարդան Այվազյանը: Պարոն Այվազյանը հայտարարեց, որ այս փաստաթուղթը հաստատ Լեւոն Զուրաբյանի սրտով չի լինի. «Քանի որ ձեր ադաբրենին չկա: Ես խոսք եմ տալիս՝ ընդմիջմանը բերեմ այն արձանագրությունները, թե որ նիստին ինչ է խոսվել: Ես անգամ մեյլերով ուղարկել եմ, որ կարծիք հայտնեք: Ուղիղ մեկ ամսվա ընթացքում ուղարկվել է ու ոչ մի պատասխան: Ուզում եմ հիշեցնել՝ նիստը չի պրծնում տասը րոպեում, այլ նիստերը երեք ժամ են տեւում: 51 նիստ ենք ունեցել ու մանրամասն քննարկել ենք: Եթե տասը րոպե գալիս-նստում, գնում եք, դա դեռ չի նշանակում, որ մասնակցել ու քննարկել եք հարցեր: Բոլորս էլ նույն գործն ենք անում, բայց մեղադրել ինձ, որ մեկ ամիս ոչ մի առաջարկ չենք արել... մի հատ էլ գայինք ձեր դուռը ծեծեինք, ասեինք՝ ինչ-որ բան արե՞լ եք»: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Այո, դուք հաստատեցիք, որ մեկ ամիս չեք պատասխանել, բայց նիստ արել եք: Հիմա ո՞նց եք քվեարկել: Քանի որ դուք չունեք նման նիստ ու քվեարկության արդյունքներ, ուրեմն այս փաստաթուղթը կեղծիք է: Մենք հիմա քննարկում ենք այստեղ կեղծիք: Սա լեգիտիմ փաստաթուղթ չէ, այս քննարկումը պետք է դադարեցնել, առաջարկում եմ՝ հանձնաժողովին անցկացնել նիստ, իրավասու նիստ ու ընդունել փաստաթուղթ»: «Հնարավոր չէ, որ նիստ եղած չլինի, դա պարզ ասում եմ: Եթե դուք այլ փաստաթուղթ ունեք, այդ այլընտրանքային տարբերակը ներկայացրեք»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը: