Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը պատրաստ չէ՞ կատարել միջազգային պարտավորությունը (տեսանյութ)

Հասարակություն
b5dacd6ed5437af31e4bbe0d321d9495

Հեռուստաեթերի անալոգային հեռարձակումից թվայինի ամբողջական անցումը հնարավոր է հետաձգվի: Վերջնաժամկետը հուլիսի 1-ն է: Կառավարությունը մերժել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախագիծը` հեռարձակման թվայնացումը հետաձգել 2 տարով, բայց նաեւ չի բացառել հետաձգումը։   Էդմոն Մարուքյանի նախագիծը վերաբերում էր մարզային հեռուստաընկերություններին: Ամեն մարզում ընդամենը մեկ հեռուստաընկերություն է ստացել թվային հեռարձակման լիցենզիա։   «Հրազդան» հեռուստաընկերությունը շուրջ 25 տարվա պատմություն ունի: «Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն Մնացական Հարությունյանի խոսքով` անալոգային հեռարձակման անջատումը հեռուստատեսային եթերի ականապատում է. «Մենք այդպես էլ չհասկացանք` եթե դա ուղղված էր թվայնացմանը, ազդանշանի որակի բարձրացման եւ բազմակարծության զարգացմանը, ապա ինչու այդ դեպքում մենք եթերից դուրս գանք»: «Ես կհասկանամ, եթե դա մի կես տարով, մաքսիմալ` մեկ տարով որոշակի հետաձգումներ լինեն, բայց երկու տարով միջազգային պարտավորության խախտում է, մյուս կողմից դա չափազանց ծանր բեռ կարող է լինել ֆինանսական առումով: Անալոգային ու թվային միաժամանակյա հեռարձակումը շատ թանկ հաճույք է»,- ասում է «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:   «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահը վստահ է, որ պետությունը կհետաձգի թվայնացումը, թեեւ տեխնիկական խնդիրները մեծ մասամբ լուծվել են. «Օրենսդրական բարեփոխումները դրանք ժամանակ են պահանջում եւ նաեւ հող նախապատրաստել, որ մասնավոր մուլտիպլեքսները եւս հնարավորություն ունենան մտնել շուկա: Դրա համար ժամանակ է անհրաժեշտ»:   Բացի այդ, ըստ նրա, դեռ անորոշ է ապակոդավորող սարքավորումների ձեռքբերումը, ինչպես նաեւ`չի հստակեցվել անապահով խավի ցուցակը, որոնց պետք է անվճար տրամադրվեն այդ սարքերը: Ի դեպ, պարոն Մելիքյանը սպառողներին զգուշացնում է` շուկայից ձեռք բերել ՀՀ ստանդարտին համապատասխանող սարքեր կամ հեռուստացույց. դա DVBT2 ստանդարտն է։   Իսկ մարզային հեռուստաընկերությունների համար Աշոտ Մելիքյանը մեդիաոլորտի մի շարք կազմակերպությունների հետ համատեղ օրենսդրական փոփոխություն են առաջարկել` լիցենզավորման պարզեցված ընթացակարգ: Պաշտոնական պատասխան դեռ չկա։