Արծվիկ Մինասյանը նկատողություն արեց ՏՄՊՊՀ նախագահին
ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում կա մենաշնորհ եւ այլմոլորակային պետք է լինել` հակառակն ապացուցելու համար: ԱԺ-ում այսօր դիմելով ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին` ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ իր հարցը կոնկրետ խնդրի է վերաբերում. «Շատ հեզաճկուն քայլերով ՀՀ քաղաքացները ամեն օր տեսնում են, թե ինչպես են մթերային խանութներում ու սուպերմարկետներում շատ նուրբ կերպով օրական` 5,10 դրամով ավելանում կենսական անհրաժեշտության առաջին օգտագործման ապրանքների գները` կաթնամթերք, բանջարեղեն եւ այլն: Ես հասկանում եմ, որ հարցի հիմնական հասցեատերը դուք չեք, սակայն ուզում եմ ասել, որ ՀՀ-ում միջին խավ հասկացողությունը վերացել է: Այս խնդրի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում»: Բացի այդ, ըստ նրա, բազմաթիվ խանութներ, անտեսելով օրենքը, ուղղակիորեն թքած ունենալով օրենքի վրա, իրենց իրավունք են վերապահում իրենց խանութների վրա փակցնել «գնված ապրանքը հետ չի վերցվում» հակաօրինական մակագրությունը. «Ընդամենը պետք է անցնել Աբովյան փողոցի, այսպես կոչված, բուտիկներով եւ տեսնել այդ գրությունները: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ, որ յուրաքանչյուր խանութի տեր չասի` ես եմ որոշում օրենքը»: Արտակ Շաբոյանը նշեց, որ հասկանում է նրա մտահոգությունը ու թեեւ այդ հարցերն իրենց վերահսկողությունից դուրս են, խոստանում է հետամուտ լինել ու ուսումնասիրել խնդիրը: Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պարոն Շաբոյանին հիշեցրեց, որ ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է եւ ակնարկելով նրա պահվածքը Նիկոլ Փաշինյանի պարագայում` ասաց. «Պատգամավորը, Սահմանադրության հոդվածներով պաշտպանված լինելով, իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը եւ դրա շրջանակներում պատասխանատվություն չի կարող կրել, եթե, իհարկե, դրանք վիրավորանք ու զրպարտանք չեն: Հետեւաբար, կխնդրեի այս կանոնը հարգել»: