«Օսմանյան բառը` փոքրատառ». ՕԵԿ պատգամավորի առաջարկը
Երբ ԱԺ-ն այսօր քննարկում էր մի շարք պատգամավորների նախաձեռնած «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ. իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարակից զեկուցող, ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիք ունի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին, որ Հայոց ցեղասպանությանը վերաբերող հռչակագիրը թերի է ու անհարիր այն ներկայացնել միջազգային հանրությանը: Պարոն Թորոսյանը հայտարարեց, որ ինքը տարակուսած է այդ հարցից. «Ի՞նչ կապ ուներ այդ հարցը քննարկվող մեր թեմայի հետ»: Տիկին Փոստանջյանը նաեւ հետաքրքրվեց` արդյոք պարոն Թորոսյանը` որպես պատմաբան, տեղյակ է` Օսմանյան կայսրությունում բնակվե՞լ են այլ ազգեր, որոնց նկատմամբ եւս ցեղասպանություն եղել է, օրինակ` քրդեր, եզդիներ: Շիրակ Թորոսյանը նշեց, որ եզդիների ու քրդերի նկատմամբ կոտորածներ եղել են տարբեր ժամանակներում եւ հիմնականում 16-18-րդ դարերում. «Եզդիների հետ կապված ունենք նոր փաստեր, երբ Իրաքի հյուսիսում նոր ջարդեր են կազմակերպվում: Թուրքական իշխանություններին կարող ենք մեղադրել այսօրվա եզդիական կոտորածների համար եւս»: Իսկ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը համառորեն պնդում էր, որ նախագծում Օսմանյան բառը պետք է փոքրատառ գրել, իսկ ասորիներ ու հույներ բառերը` մեծատառերով: Այդպիսով, ըստ նրա, մենք կընդգծենք մեր հարգանքը հույն եւ ասորի ժողովուրդների նկատմամբ, եւ կդատապարտենք Օսմանյան կայսրության գործողությունները: Նախագծի համահեղինակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ժպիտով նկատեց, որ մենք քրիստոնյա ազգ ենք ու նման փոփոխություններով չէ, որ մենք պետք է մեր դիրքորոշումն արտահայտենք: