Ալ. Արզումանյանը հիշեցրեց մեր զոհերի ու ՌԴ պարտավորվածության մասին (տեսանյութ)
Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման հիմնահարցից՝ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին հայտարարեց, որ, ցավոք, հակամարտության գոտում տիրող իրավիճակը քիչ հույս է ներշնչում. «Աբդրբեջանը մերժում է Մինսկի խմբի առաջարկները՝ այդպիսով վտանգելով համանախագահների նախորդ վեց տարիների կատարած աշխատանքը»: Նա հիշեցրեց, որ երեկ շփման գծում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հայկական կողմն ունեցել է երեք զոհ, չորս վիրավոր: Պարոն Արզումանյանը հիշեցրեց նաեւ համանախագահների հայտարարությունը շփման գծում ներխուժումների մասին. «Ադրբեջանական սադրանքներն արտահայտվում են ռազմատենչ հռետորաբանությամբ ու հակահայկական կոչերով: Նրանք սպառնում են հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով»: Պարոն Արզումանյանն ընդգծեց, որ Ադրբեջանը նախորդ տարիների համեմատ 2010-14թթ. 249 տոկոսով ավելացրել է իր սպառազինումը, իսկ զենքի 88 տոկոսը նա ձեռք է բերում ՌԴ-ից. «Թեեւ, ինչպես հայտնի է, ՌԴ-ն՝ որպես Մինսկի խմբի անդամ, պարտավորված է որեւէ կողմի զենք չմատակարարել»: Պատգամավորը եւս մեկ անգամ շեշտեց՝ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձեւաչափը Մինսկի խումբն է, դրան հակառակ հայտարարությունները միայն վնասում են խաղաղության գործընթացը. «ՀՀ-ն կողմ է ու հավատարիմ է եղել Մինսկի խմբի գործունեությանը»: