Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս տարին վճռորոշ է լինելու Հայաստան-ԵՄ հարաբերություններում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
untitled18

Հայաստան-Եվրամիություն բանակցությունները կսկսվեն, երբ Եվրամիությունը համապատասխան մանդատ տա իր թիմին։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վստահեցնում է, որ այդ նախադրյալները կան, և շուտով այդպիսի մանդատ կտրվի»։ Դեռ երկու տարի առաջ Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ էին որոշել շարունակել համագործակցությունը այն ոլորտներում, որոնք չեն խանգարի Հայաստանին լինել ուրիշ ինտեգրացիոն ոլորտներում. «Վիզային ռեժիմի դյուրացման գործընթացի մասին է խոսքը գնում, ռեադմիսիայի պայմանագրի, որոնք ուժի մեջ են մտել 2014-ի հունվարից»։ Բանակցությունների հաջորդ փուլը վերաբերելու է վիզային ռեժիմի ազատականացմանը։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի կարծիքով՝ այս տարին վճռորոշ է լինելու Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում. «Այդ հարաբերություններն ամրագրված են փոխադարձ պայմանավորվածություններով եւ ջանքերով՝ խորացնելու դրանք, որքանով որ դա հնարավոր է»։ Յոհաննես Հանն ակնարկում է Հայաստանի խորը ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միության մեջ։ Սակայն նա հույս ունի, որ Եվրամիությունը եւ Հայաստանը կկարողանան կնքել նոր համաձայնագիր այն կնքելու մանդատը Եվրամիության 28 երկրներից ստանալուց հետո. «Համաձայնագիրը կլինի հավակնոտ եւ միաժամանակ կհարգի Հայաստանի պայմանավորվածությունները այլ ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ»։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե այնուամենայնիվ Եվրամիության հանձնակատարն ինչպե՞ս է պատկերացնում Եվրասիական տնտեսական միությանն անդամագրված Հայաստանի ինտեգրացումը Եվրամիության ծրագրերին, Հանն ասաց, որ հենց դա հասկանալու համար էլ բանակցում են։ Ի դեպ կողմերն անդրադարձան նաեւ Արցախի խնդրին։ Հանձնակատարը նշեց, որ Եվրամիությունը աջակցում է Մինսկի խմբի ջանքերը, քանի որ ստատուս քվոն Եվրամիության համար անընդունելի է։ Մեր նախարարը անդրադարձավ նաեւ Հայաստանի մասին Թուրքիայի արտգործնախարարի այն մտքին, որ Հայաստանը պետք է փոխի իր արտաքին քաղաքականությունը, քանի որ խնդիրներ ունի գրեթե բոլոր հարեւանների հետ. «Դասեր, խորհուրդներ տալուց առաջ եւ այդպիսի հավակնություն, մեծամտություն ունենալուց առաջ պետք է մտածել, որ միգուցե ինքդ ունես կարիքը դրանց։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին. եթե Թուրքիան իսկապես ցանկանում է օգնել հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է հեռու մնա ինչքան հնարավոր է այդ գործընթացից»։