Որտե՞ղ է ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի կրծքանշանը եւ դրոշը (տեսանյութ)
Ընդամենը 2 շաբաթ առաջ նկարած տեսանյութում Տիգրան Ուրիխանյանի կողքին Հայաստանի պետական դրոշի հետ միասին Բարգավաճ Հայաստանի դրոշն է։ Այսօր այդ դրոշը չկա։ Սակայն պարոն Ուրիխանյանը խուսափում է ասել, որ ինքը նոր ԲՀԿ-ի հետ այլեւս ընդհանուր ճանապարհ չունի. «Ու՞մ է հետաքրքրում որեւէ քաղաքական գործչի կարգավիճակ, պաշտոն կամ պատկանելություն, մարդկանց հետաքրքրում է սկզբունք համոզմունք»,- ասում է նա։ Պարոն Ուրիխանյանի սենյակում, իհարկե, կարելի է տեսնել ԲՀԿ փոքրիկ դրոշակներ։ Փոխարեը կոստյունից բացակայում է ԲՀԿ կրծքանշանը, որը նույնպես երկու շաբաթ առաջ կար։ Սակայն իրենց տեղից անսասան են Գագիկ Ծառուկյանի հետ Տիգրան Ուրիխանյանի լուսանկարները։ Ծառուկյանի հեռացումից հետո նրանց հարաբերություններում ոչինչ չի փոխվել. «Մարդն իրեն դուրս է դրել քաղաքականությունից, հետեւաբար,դա քաղաքական բովանդակության հարց չէ, խնդրում եմ շրջանցել»,- նկատում է ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը։ Դաշտում առկա քաղաքական ո՞ր կուսակցությունն է այսօր հարազատ Տիգրան Ուրիխանյանին՝ բոլորը, որոնք իրականացնում են ժողովրդահաճո գործունեություն։ Տիգրան Ուրիխանյանն այլեւս ԲՀԿ-ին չի առանձնացնում «Ես անձնական համակրանք կարող եմ ունենալ բացառապես ժողովրդի վերաբերմունքի համատեքստում»։ ԲՀԿ-ին չառանձնացնելը պատճառաբանվում է նրանով, որ իր ասածը վերաբերվում է պետական ռեգիստրում գրանցված բոլոր կուսակցություններին։ Տիգրան Ուրիխանյանը չի հերքում՝ ինքը մտադիր է ստեղծել քաղաքացիական շտաբ, որի մասին նույնպես շատ բան ասել չի կարող։ Բայց մտադի՞ր էր ինքը ստեղծել այս շտաբը, երբ ԲՀԿ նախագահը Գագիկ Ծառուկյանն էր։ Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանը ուղիղ չպատասխանեց գրեթե ոչ մի հարցի՝ մնու՞մ է նա ԲՀԿ-ում, թե դուրս է գալիս, փոխարինելու՞ է քաղաքացիական շտաբը ԲՀԿ-ին, կա՞ն հակասություններ հին եւ նոր ԲՀԿ-ի գաղափարախոսություններում եւ այլն։