Կվերամիավորվի՞ արդյոք նախկին եռյակը (տեսանյութ)
ԲՀԿ-ն դեռևս չի շտապում խոսել եռյակի վերակազմավորման մասին։ Կան ներկուսակցական բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս հստակեցումներ են պահանջում։ «Այդ կոնկրետացումը փոքր, լոկալ հարցերում չի կարող լինել, պետք է լինի ամբողջական փաթեթ, ամբողջական մոտեցում, որ մենք նոր կարողանանք այդ ամբողջական փաթեթի մասին ռեալ խոսել»,- նշում է ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը։ Մյուս խմբակցությունների ներկայացուցիչները ևս զերծ են մնում խոսել միասնական օրակարգի ձևավորման մասին։ «Մեր դիրքերը անփոփոխ են, մեր քաղաքական դիրքորոշումները անփոփոխ են, մնացյալը պետք է որոշվի խոսակցությունների, բանակցությունների արդյունքում, թե ԲՀԿ-ն ինչ դիրքերի վրա է մնացել, կամ ինչ փոփոխություններ կան ։ Այդ ամենը պետք է քննարկվի և այդ ամենը հասկանալուց հետո նոր միայն կխոսենք հնարավոր ֆորմատների մասին»,-ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Վերջինս նաև կարծում է, որ համագործակցության հետագա ուղիները հասկանալու համար անհրաժեշտ է նորակազմ ԲՀԿ-ին ժամանակ տրամադրել։ Բայց ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ տեսնում է համագործակցության ընդարձակ դաշտ ։ «Սահմանադրական այս փոփոխություններին դիմակայելու դաշտում համագործակցություն ,ինչպես նաև պառլամենտում բազմաթիվ խնդիրների շուրջ կարող ենք համագործակցել»,-ասում է Լևոն Զուրաբյանը։ «Ժառանգությունը» ևս չի բացառում համագործակցության հնարավորությունը։ Այս կապակցությամբ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը շեշտում է. «Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, եթե կա տվյալ խնդրի վերաբերյալ միանման մոտեցում»։ Իսկ Վահան Բաբայանի խոսքերով՝ ինչպիսին կլինի ԲՀԿ-ն այս նոր փուլում, և ինչպիսի քաղաքական մարտավարություն այն կորդեգրի, դրանից էլ կախված կլինի Հայաստանում շատ-շատ քաղաքական իրադարձություններ և իրավիճակներ։ Իսկ ՀՅԴ-ին ԲՀԿ-ի հետ համագործակցելու հարցում խանգարում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ ունեցած տարակարծությունները։ Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ համագործակցությունը հնարավոր է միայն որոշակի վերապահումներով։ Մանրամասները՝ տեսանյութում