Խորեն Հովհաննիսյանը կմասնակցեր Բաքվի խաղերին (տեսանյութ)
«Մենք պետք է անպայման մասնակցենք, որպեսզի ցույց տանք, որ ոչնչից չենք վախենում եւ պատրաստ ենք պայքարելու հաղթանակի համար: Բոլոր մարզիկները, ովքեր տրամադրված են, պետք է գնան եւ մասնակցեն խաղերին: Ինքս միանշանակ կտայի իմ համաձայնությունը», - Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին այսօր նման կարծիք հայտնեց Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը: Անվանի մարզիկը ներկայումս պատրաստվում է մարտի 28-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում իր 60-ամյակին նվիրված ֆուտբոլային խաղին. «Կազմակերպիչները հրավիրել են ոչ միայն իմ սերնդի, այլեւ ավելի երիտասարդ ֆուտբոլիստների, որպեսզի հանդիսականներն ավելի դիտարժան ֆուտբոլի ականատես լինեն: Ինքս պատրաստվում եմ խաղին եւ կաշխատեմ անպայման գոլ խփել»,- նշեց Խորեն Հովհաննիսյանը: Նշենք, որ հանդիպումը բարեգործական է լինելու եւ հավաքված գումարը փոխանցվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների օգնության հիմնադրամին: