«Ժառանգության» առաջարկները Սերժ Սարգսյանը հավանության չի արժանացրել (տեսանյութ)
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետ կապված բազմաթիվ հարցեր մնում են դեռևս չպարզաբանված։ ՀՀԿ-ականները հայտարարում են ՝ ամեն ինչ կորոշվի , երբ Սերժ Սարգսյանն ավարտի իր հանդիպումները քաղաքական տարբեր ուժերի հետ։ «Քաղաքական քննարկումները որևէ մեկ անգամ ձևական բնույթ չեն կարող կրել»,-նշում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե ձևական չե՞ն արդյոք նախագահի հանդիպումները քաղաքական տարբեր ուժերի հետ։ ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շեշտեց՝ ամեն ինչ դեռևս քննարկման փուլում է։ «Մենք կարծում ենք, որ այդ քննարկումը պիտի ծնի ի վերջո պատասխան՝ ինչ բարեփոխումներ են լինելու, ինչ ծավալով, և ինչպես ենք դա անցկացնում»,- ասաց նա։ ՀԱԿ-ը միակ ուժն է, որը Սահմանադրական բարեփոխումները քննարկելու հրավեր Բաղրամյան 26-ից չի ստացել։ Այս կապակցությամբ Հերմինե Նաղդալյանը նշում է. «Ինչ իմաստ կա հրավիրել քննարկման այն մարդկանց, որոնք քննարկման որևէ եզր չեն տեսնում»։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարում էր, որ այս կերպ Բաղրամյան 26-ը մատնում է նրանց, ովքեր կողմ են սահմանադրական բարեփոխումներին, ըստ այդմ՝ քննարկումներն անցկացվում են միայն նրանց հետ։ «ՀԱԿ-ը կլինի Սահմանադրության նկատմամբ այդ բռնապետական ոտնձգմանը դիմակայելու դիրքերում»,-մեզ հետ զրույցում նշեց պարոն Զուրաբյանը։ Ժառանգությունն ու ԲՀԿ-ն ևս դեմ են արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին։ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո էլ ԲՀԿ-ն հայտարարում է, որ իր դիրքորոշումը չի փոխել։ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ շեշտում է, որ իրենք շարունակում են դեմ լինել փոփոխությունների իմիտացիային կամ վերարտադրության համար նոր գործիքակազմ ստեղծելուն։ Նախորդ երեք առաջարկին «Ժառանգությունը» ևս երկուսն է ավելացրել, սակայն դրանք Սերժ Սարգսյանի կողմից դեռևս հավանության չեն արժանացել։ Մանրամասները՝ տեսանյութում