Տաքսիների վարորդները հավասարություն են պահանջում (տեսանյութ)
Կառավարությունը տաքսիստներից պահանջում է լիցենզիա, սակայն վերահսկողություն չի իրականացնում։ Մի քանի անհատ տաքսու վարորդներ այսօր հավաքվել էին պարզելու, թե ինչու օրենքը չի գործում բոլորի համար. «Ոչ մի ռեյդ էլ չի եղել», «Խոստացել են, որ պիտի հետեւեն, հսկեն, բայց ես չեմ հավատում»,- ասում են տաքսու վարորդները։ Քաղաքացիական դիրքորոշում ՀԿ-ն այս հարցով դիմել է տրանսպորտի եւ կապի նախարարություն, ու այսօր տաքսու վարորդներին վստահեցնում է. «Նախարարությունից ասեցին, որ մոտակա օրերին իրանք ոչ մի ձեւի զիջում չեն անելու, օրենքը կիրառվելու է ամբողջ ուժով»,- ասաց ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը։ Հավաքված վարորդները կողմ են լիցենզավորման գործընթացին։ Օրենքով աշխատել ուզում են։ Սակայն արդեն հանդիպել են անարդարությունների։ Օրինակ մարզերի գրանցում ունեցող վարորդները ավելի քիչ են վճարում լիցենզավորման համար, բայց աշխատում են Երեւանում. «էնի տա 5000, ես տամ 10000 ու գա կողքս կանգնի, ասումա ռայոնում գործ չկա, գալիս եմ ստեղ, եթե ես պիտի 5-6 հազար աշխատեի, չեմ աշխատում հիմա, շատ են տաքսիները»։ Չնայած լիցենզավորման նոր կանոններով տաքսու վարորդները ավելի քիչ գումար են վճարում, քան նախկինում, բայց հավելյալ ծախսերը, այնուամենայնիվ, ծանրացնում են վարորդների հոգսը. «Տաքսու ԱՊՊԱ-ն թանկա ու հիմնավորված չի։ Եռամսյակը մեկ սովորական ավտոն 8000 դրամ է վճարում, տաքսին 20000», «Ես 11 տարիա տաքսի եմ քշում, 11 տարվա մեջ 11 անգամ թանկացելա գազը , բայց կիլոմետրը էլի 100 դրամ է, ո՞նց կարա տենց լինի»,- բողոքում էին անհատ տաքսու վարորդները։ Մանրամասները` տեսանյութում